Շիրակի մարզում տեղի ունեցած դաժան սպանությունից հետո ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել մարզի Մարմաշեն և Վահրամաբերդ համայնքներում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մայիսի 28-ին Մարմաշենում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ՝ ֆուտբոլի դաշտում։ Մարմաշենում սպանվել էր Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանը։ Այս պահին գործով կա մեկ ձերբակալված, Մարմաշեն համայնքի անչափահաս բնակիչ։
Տեղի ունեցածը ցնցել է Մարմաշեն և Վահրամաբերդ համայնքի բնակիչներին։ Սպանված երիտասարդին համայնքի բնակիչները բնութագրում էին որպես խելացի և խելոք երիտասարդի, ով այդ օրը հարևան գյուղում ֆուտբոլ չի խաղացել։ Նրան հեռախոսով են տեղյակ պահել, որ համագյուղացիների և մարմաշենցիների միջեւ վիճաբանություն է սկսվել։
Դաժան սպանությունը լարել է կողք- կողքի ապրող վահրամաբերդցիների և մարմաշենցիների հարաբերությունները։ Irakanum.am-ին Մարմաշեն համայնքի բնակիչներից ոմանք պատմեցին, որ կատարվածից հետո ոստիկանությունը ոչ միայն անցակետ է տեղադրել համայնք մտնող ճանապարհին, այլեւ առանձին մեքենաներով են շրջում երկու գյուղերում, ստուգվում են համայնքներ մտնող անծանոթ մեքենաները։ Մարմաշենում խոսում են նաեւ, որ Վահրամաբերի բնակիչները և կոնկրետ սպանվածի հարազատները խոստացել են վրեժ լուծել։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված ուժեղացված հսկողությունը։
Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Irakanum.am- ի հետ զրույցում հաստատեց՝ համայնքներում ոստիկանության կողմից անցակետեր տեղադրելու մասին տեղեկությունները։ «Ոստիկանությունը տեղադրել է պահակակետեր, հսկում են։ Սկզբից ավելի լավ է ամեն ինչի դեմն առնել, քան թե մտածել հետագայի հետեւանքների մասին։ Գուցե այդ մտավախություններն է ունեցել ոստիկանությունը դիմելով այդ քայլերին»,- ասաց Արշակյանը։ Նրա խոսքով՝ այս պահին համայնքներում իրավիճակը հանգիստ է, կա գործով ձերբակալված, ընթանում է քննություն։ «Հարցաքննվել են երկու գյուղերի տասնյակ քաղաքացիներ, նաեւ անչափահասներ»,- ասաց նա, հավելելով, որ միջադեպի մասնակից է շուրջ քսան հոգի։
Հարցին, թե գյուղում կան խոսակցություններ, որ այդ վայրում տեսախցիկներ կան, Արշակյանն ասաց, որ ֆուտբոլի դաշտը համայնքապատկան է, հարևանությամբ՝ սեփական տներից մեկի վրա կա տեղադրված տեսախցիկ, սակայն տան բնակիչները շուրջ մեկ տարի է այդտեղ չեն ապրում։
Արշակյանն ասաց, որ ճանաչում է միջադեպի բոլոր կողմերին ճանաչում է, կարող է ասել, որ հանգիստ տղաներ են եղել։ «Գիտեք, ֆուտբոլի ժամանակ միշտ էլ լինում է վիճաբանություն, իրար չհասկանալ, խոսակցության է գնացել ֆուտբոլի ժամանակ, հայհոյանք է եղել, դա է եղել վիճաբանության թեման»,- եզրափակեց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։
Irakanum.am