Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Մայիսի 26-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեցին ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների գործողությունները՝ Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Շարունակվում է արդյունավետ վերահսկողությունը կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գործունեության ընթացքում անհրաժեշտ անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Ոստիկանության կարգախմբերը հետեւում են, որ միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղեւորներ։ Հետեւում են, որ ուղեւորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, ուղեւորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ միջոցներ։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 4 դեպք։
Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղեւորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները եւ ուղեւորները եւս պարտադիր պետք է կրեն դիմակներ եւ ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 69 դեպք։