ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը․
«Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետևողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ:
Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ դրանց զուգահեռ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված«օրենքով գող»,«Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունովԱրմեն Մելքոնյանը: