00:00:00

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով

18:58, 18 ապրիլ 2020

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Մասնագիտական տոնի առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ոլորտի բոլոր երախտավորներին մասնագիտական տոնի առիթով եւ ուղերձ է հղել: «Հուշարձանների պահպանության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ. Մեր պետության և ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ նվիրված աշխատանքի, հայկական հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար: Դուք զինվորներ եք, որոնց վստահված է հայկական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և ժառանգականության անխաթարության ապահովման կարևորագույն գործառույթը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր ծառայությունը: Պատմության տարբեր փուլերում պատերազմներն ու արհավիրքները ուղեկցվում են մշակութային ժառանգության, հատկապես՝ հուշարձանների հանդեպ ոտնձգություններով և ոչնչացմամբ: Այս պայմաններում ևս դուք մշտապես կարողացել եք բարձր պահել մեր հազարամյա մշակույթի պահապանի կոչումը: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ոչ միայն լավ առիթ է կատարված աշխատանքը գնահատելու, այլ նաև այդ աշխատանքի շարունակականության և արդյունավետության բարձրացման ակնկալիքները շեշտելու համար: Մեծապես կարևորելով հայկական հուշարձանների պահպանությունը որպես մշակութային քաղաքականության կարևորգույն ուղղություն՝ լիահույս եմ, որ այդ ասպարեզում իրականացվող բարեփոխումները մեծապես կնպաստեն հուշարձանների պահպանության ոլորտի հետագա զարգացմանը: Այս տարի ԻԿՕՄՕՍ-ը, որպես օրվա խորհուրդ, առաջադրել է «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրը: Այո՛, հուշարձանների պահպանությունը բոլորիս պատասխանատվությունն է, և ամեն հայ պիտի հուշարձանների պահապան լինի: Եվ ուրեմն, հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետության և հայկական մշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու վեհ գործի»,-ասված է նախարարի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր