«Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը և նույնիսկ խոստանում նոր մանրամասներ հայտնել այդ «հանդիպման» վերաբերյալ: Sputnik Արմենիան դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ հարցով, թե ի՞նչ նոր մանրամասներ կարող է հրապարակել լրատվամիջոցը:
«Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահին, ապա նրա պաշտպանական թիմը «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան փոխանցել է նախագահ Սարգսյանին վկայի դատավարական կարգավիճակով ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու մասին տեղեկատվությունը, որը տեղ է գտել հրապարակման մեջ»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից ևս նախօրեին «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան հերքել էին նախկին նախագահների գաղտնի հանդիպման մասին տեղեկությունները: Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը ապրիլի 17-ին հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ԱԱԾ մեկուսարանում կազմակերպվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կլանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Թերթի այսօրվա համարում, չնայած երկու նախագահների գրասենյակների տրամադրած հերքումներին, «Հրապարակը» խոստանում է առաջիկայում նոր մանրամասներ հրապարակել այդ հանդիպման մասին: