Գյումրի քաղաքի բնակիչ Սոնա Կուրղինյանին Ոստիկանությունը տուգանել է 100 հազար դրամով՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար: Ոստիկանության կողմից Սոնա Կուրղինյանին փոխանցված ծանուցումից Factor.am-ը տեղեկացավ, որ վերջինս ապրիլի 1-ին տանից դուրս է եկել առանց տեղաշարժման թերթիկի: Ինքը՝ Սոնա Կուրղինյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հակառակն է պնդում:
Նա ասում է, որ ունեցել է տեղաշարժման համար նախատեսված թերթիկը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ, բայց տեղաշարժման թերթիկի վրա սխալվել ու ապրիլի 1-ի փոխարեն մարտի 31 է նշել: «Ապրիլի 1-ին գնացել եմ Գյումրու շուկա, անձնագիրը մոտս էր, թուղթն էլ լրացրել էի: Կրում էի նաև դիմակ, իսկ ձեռնոցները դրել էի պայուսակս, որ բանկոմատից օգտվելիս դնեի:
Ճանապարհին ոստիկանները կանգնեցրին և ցանկացան փաստաթղթերը ստուգել: Իրենք անձնագիրն ուզեցին, ես նաև թուղթը տվեցի, որովհետև լրացրել՝ դուրս էի եկել: Այդ օրն ապրիլի 1-ն էր, բայց ես սխալվել, 31 էի գրել: Ինձ ասացին, որ 31-ի թղթով եմ դուրս եկել, հարցրեցի՝ այսօր ամսի քանիսն է, իրենք, երբ ասացին, որ 1-ն է, ես ներողություն խնդրեցի, որ սխալվել եմ, օրերը խառնել եմ: Իրենք ասացին, որ չէ՝ հաստատ երեկվա թուղթ է, բայց ես թղթի վրա նշված ժամանակահատվածում եմ դուրսը եղել: Այսինքն, եթե նախորդ օրվա թուղթ լիներ, ինչպե՞ս էի այդ ժամին դուրսը լինելու, ժամն էլ տարբեր կլիներ: Ես անգամ բանկի կտրոն ունեմ, որ այդ ժամանակահատվածում եմ իմ վճարումը կատարել»,- ներկայացրեց Սոնա Կուրղինյանը: Քաղաքացին տեղեկացրեց, որ իր պարզաբանումները ոստիկանների համար ընդունելի չեն եղել, և նրանք արձանագրություն են կազմել. «Ասացին, որ սա խախտում է և պետք է արձանագրվի: Ինձ թուղթ տվեցին, որ լրացնեմ: Այդ պահին ասացի՝ կարելի է պայուսակիցս ձեռնոցներս հանեմ, դնեմ, նոր լրացնեմ: Ոստիկաններից մեկն ասաց. «Ընչի քո կարծիքով ես վարակվա՞ծ եմ»:
Ես ասացի՝ նման բան չեմ ասում: Բայց սա խախտում է իրենց կողմից, քանի որ ես գրիչը վերցնելու համար ուզում էի ձեռնոց դնել, ես ինչ իմանամ՝ այդ գրիչի վրա վիրուս կար, թե՝ ոչ: Ես իրենց հարցրեցի՝ արդյոք խնդիր կունենամ: Ոստիկանները պատասխանեցին, որ ոչ մի բան էլ չի լինի»: Խնդրի հետ կապված Սոնա Կուրղինյանն ահազանգել է նաև արտակարգ դրության պարետատան թեժ գծին՝ 8114: «Ինձ ասացին, որ Ոստիկանությունն իրավունք չունի առանց մարդուն տեղեկացնելու, թե ինչ տույժ է հասնում՝ տուգանի: Իսկ ես հարցրել եմ՝ կարող է ինձ հետ խնդիր լինի, ասել են՝ չէ: Եթե ես խախտում էլ եմ արել, ինչո՞ւ ինձ տեղյակ չեն պահել, իսկ այսօր նամակ եմ ստացել, որ պետք է 100 հազար դրամ վճարեմ»: Մեր զրուցակիցն ասաց, որ բնակվում են տնակում՝ երկու անչափահաս երեխաների հետ, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն և հնարավորություն չունի այդ գումարը վճարել: Սոնա Կուրղինյանը գործազուրկ է, ամուսինն արտագնա աշխատող է, բայց տարածված վիրուսի պատճառով այս տարի նա ևս գործազուրկ է մնացել: Ընտանիքի միակ եկամուտը նպաստն է: Factor.am-ը Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեց մեկնաբանել, թե նման իրավիճակներում, երբ սխալ են լրացրել տեղաշարժման թերթիկը, ինչ լուծումներ կան: «Նման դեպքերում վարույթ կիրականացվի: Եթե պարզվի, որ քաղաքացին միտում չի ունեցել, վարույթը կկարճվի»,- ասաց նա:
Աղբյուր՝ factor.am