Ինչպես հայտնի է, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդն ապրիլի 14-ին նիստ էր հրավիրել և, հաշվի առնելով Հայկ Եսայանի՝ տնօրենի պաշտոնից ազատման դիմումը, նոր տնօրեն է նշանակել Արա Խաչատրյանին, գրում է Armlur.am-ը:
Սակայն դրանից հետո Հայկ Եսայանի թիմը «Յուքոմ» ընկերության անունից հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ տնօրենների խորհրդի նիստը իրավական որևէ հիմք չունի, իսկ Հայկ Եսայանն էլ շարունակում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը։
Այսպիսով, ապրիլի 14-ին տեղի ունեցած նիստին մասնակցել է խորհրդի 6 անդամ, ընդ որում՝ 3-ը մասնակցել է հավելվածի միջոցով։ Այսպիսով նիստին մասնակցել են Արամ Խաչատրյանը (հավելվածով), Գուրգեն Խաչատրյանը, Արտյոմ Խաչատրյանը (հավելվածով), Ահարոն Լևոնյանը, Սարգիս Կարապետյանը (հավելվածով), Արա Խաչատրյանը։
Ինչպես հայտնի է, «Յուքոմ»-ի բաժնետոմսերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որն էլ տնօրինում են Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի 11,9 տոկոս բաժնեմասը։ Նիստին մասնակցած մեկ այլ անդամ՝ Արամ Խաչատրյանն ունի 24 տոկոս, մնացած բաժնեմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։