00:00:00

Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի

11:18, 18 ապրիլ 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը: Դրանց շահառուներն ընտրվել են՝ հաշվի առնելով Հանրապետության նախագահի մարզային այցերի ընթացքում բնակիչների հետ շփումները, դրանց ընթացքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև նախագահին ուղղված նամակները և դրանց վերլուծությունը։ Աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով: Ներկա փուլն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 200 շահառու սոցիալական տարբեր խմբերից: Այս պահին առաջնային են հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորություն չունեցող, հատկապես՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես խոցելի խավերի երեխաները, բազմազավակ ընտանիքներն ու տարեցները: Ծրագրի այս փուլում աջակցություն է տրամադրվել Շիրակի և Տավուշի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող ընտանիքների երեխաներին: Շիրակում նրանք «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոնի սաներն են, որոնց հետ նախագահ Սարգսյանն անձամբ հանդիպել էր Գյումրի կատարած աշխատանքային այցերից մեկի ընթացքում: Մյուս խմբում Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում բնակվող, կարիքավոր կամ զոհված զինծառայողների երեխաներն են, որոնք անցած տարեվերջին հյուրընկալվել էին նախագահի նստավայրում: Ծրագրում ընդգրկված են նաև մի խումբ բազմազավակ ընտանիքներ Երևանից, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերից, որոնք ունեն 6-14 երեխա: Բոլոր շահառուներին հատկացվել են առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ: Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չորաթան, Այգեպար համայնքների կարիքավոր և զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին տրամադրվել են համակարգիչներ։ Համակարգիչներ են տրամադրվել նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության 5 սաների և բազմազավակ 7 ընտանիքների: Լուսանկարում՝ նախագահ Արմեն Սարգսյանը «Շալե Գյումրի» կենտրոնի սաների հետ Գյումրի, դեկտեմբերի 7, 2019թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր