Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է եւ իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երեւանում են, թեստավորում են»,–ասաց Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում. «Վարդենիս–Արցախ ուղղությունը դեռեւս Արցախի ընտրություններին ընդառաջ վերահսկողության տակ է եղել, անցակետ է տեղադրված եղել։ Այս պահին Վարդենիս–Երեւան ճանապարհին ոստիկաններ են, որոնք իրենց հսկողության տակ են պահում ճանապարհը, մարդկանց ելեւմուտ արգելափակված չէ, պարզապես ավելի խիստ ռեժիմ է՝ ստուգում են մարդկանց, ջերմաչափում եւ այլն»։