00:00:00

Պարետը նոր որոշումներ է ստորագրել․ սահմանվել են մահացած անձանց տեղափոխման և հուղարկավորման կանոնները

20:51, 17 ապրիլ 2020

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի 17-ին, նոր որոշումներ է ստորագրել, որոնցով սահմանել է արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները և կարգերը՝ համաձայն հավելվածների. ԿԱՐԳ Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների՝ արտերկրից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու
1. Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում փակ դագաղով: 2. Հայաստանի Հանրապետության սահմանով դիակներով դագաղներ տեղափոխելիս դրանց հայտարարագրումն իրականացվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-20-րդ մասերով սահմանված կարգով։ 3. Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձը փակ դագաղը կնքում է հերթական համար ունեցող կնիքով և այն հանձնում հուղարկավորության կազմակերպման ստանձնողներին՝ համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ՝ 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի 13-րդ հոդվածի: 4. Այնուհետև դագաղը տեղափոխվում է Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղ դիահերձարանի աշխատակիցները դիահերձարանի ամբողջությամբ ապակեպատ և փակ հատվածում դագաղը բացում են, ապակու հակառակ կողմից մահացած անձի հարազատների համար տեսանելի ձևով ցույց են տալիս դիակը, որից հետո դիակը տեղադրվում է ներսից քլորակրով պատված պարկի մեջ, այնուհետև նույն դագաղի մեջ: Դագաղը դարձյալ նույն ձևով կնքում է մաքսային մարմինների համապատասխան պաշտոնատար անձը և սույն կարգի նմուշի համապատասխան ծանուցում է տրամադրում հուղարկավորության տրամադրման ստանձնողներին՝ միաժամանակ ճշտելով հուղարկավորության օրը, ժամն ու վայրը, և դագաղը փակ վիճակում հանձնում է դիակը ստացող անձին: 5. Մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ու ծանուցագիրը անհապաղ փոխանցում է ՀՀ ոստիկանությանը՝ հետագայում մահացած անձի հուղարկավորության վայրի ոստիկանության տարածքային բաժնին փոխանցելու նպատակով։ 6. Մահացած անձի հուղարկավորության վայրի ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցը հուղարկավորության օրը ներկայանում է հուղարկավորության վայր և հուղարկավորումից անմիջապես առաջ ստուգում է  դագաղի վրա կնիքի առկայության, բացակայության կամ վնասված լինելու փաստն ու լուսանկարելու միջոցով արձանագրում այն։ 7. Կնիքի բացակայության կամ վնասվածքի դեպքում ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակցի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվում ՀՀ ոստիկանության տարածքային բաժին։ Պարետի մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել են արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի (COVID-19)  հետևանքով մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները։ ԿԱՆՈՆՆԵՐ Արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետևանքով մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5.1 մասի՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում։ Փոխարենը՝ գործում են հետևյալ կանոնները՝ 1. Պացիենտի՝ Կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ (այսուհետ` պարկ), դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա: Դիակը պարկ տեղափոխելուց առաջ կիրառվում են հետևյալ կանոնները. 1) դիակից զգուշորեն հեռացվում են կաթետերները, խողովակները և դրենաժները, դրանք հեռացնելու վայրը ախտահանվում է և փակվում կպչուն սպեղանիով. 2) դիակից հեռացված սուր առարկաները տեղադրվում են սուր առարկաների համար նախատեսված կոնտեյների մեջ. 3) կենսաբանական հեղուկների արտահոսքից խուսափելու նպատակով փակվում են դիակի բերանի խոռոչը և քթանցքները. 4) դիակի մշակման ժամանակ առաջացած բոլոր թափոնները հավաքվում և ոչնչացվում են՝ ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով սահմանված պահանջների համաձայն. 5) պարկը մշակվում է քլորակրով կամ քլոր պարունակող համապատասխան ախտահանիչներով: 2. Պահպանելով անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները՝ պարկով դիակը դիատարով տեղափոխվում է բժշկական հաստատության  դիակի ժամանակավոր պահման վայր, որտեղ դրսից փակցվում է վարակիչ վտանգի մասին մատնանշող միջազգային խորհրդանիշ: 3. Դիակի ժամանակավոր պահման վայրում ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը: Դագաղի ներսը ևս ախտահանվում է քլոր պարունակող ախտահանիչներով: 4. Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: 5. Դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահման վայրը ամբողջությամբ ախտահանվում է: 6. Դիակի տեղափոխումը իրականացվում է դագաղով, որում դիակը շարունակում է մնալ պարկի մեջ: Դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում: 7. Դիակը տեղափոխող տրանսպորտային միջոցն ախտահանվում է: 8. Հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից: Մահացած անձի իրերի ախտահանումը 9. Մահացած անձի իրերը վառելու անհրաժեշտությունը բացակայում է: Դրանք անհրաժեշտ է զգուշորեն վերցնել պաշտպանիչ ձեռնոցներով, մաքրել և ախտահանել առնվազն 70% էթանոլով կամ այլ ախտահանիչ նյութով՝ առաջնորդվելով համապատասխան հրահանգով: 10. Մահացած անձի հագուստն անհրաժեշտ է լվանալ 60−90°C ջերմաստիճանի ջրով և լվացքի փոշիով: 11. Լվացքի մեքենայով լվանալու հնարավորության բացակայության դեպքում մահացած անձի հագուստը կարելի է թրջել նույն ջերմաստիճանի ջրում՝ օճառով մեծ տարայի մեջ: 12. Լվացքը պետք է խառնել մեծ փայտիկով՝ զգուշանալով տարայից դուրս կաթիլների թափվելուց: Տարան դատարկելուց հետո հագուստի վրա անհրաժեշտ է ավելացնել 0.005% քլորի հիմքով ախտահանիչ և 30 րոպե անց լվանալ արդեն մաքուր ջրով, ապա՝ հագուստը չորացնել արևի ճառագայթների ներքո: Հիշեցնենք, որ երեկ պարետը որոշում էր ստորագրել, որով փակվել է Նորաշեն մուտքն ու ելքը։ Պատճառն այն է, որ գյուղում, հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած հաստատված դրական դեպքի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները։ Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր