Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարեւոր առանձնահատկություններից է այն, որ երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում՝ նկատելով, որ, ցավոք, նման երևույթ արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:
«Եվ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանի բեռների շրջանառությունը այս պահին հնարավոր լավագույն ձեւով ապահովելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի շուրջ հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչը իրականացվել է ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ՝ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին եւ անհատներին: Վերջիններս պարետատանն աջակցել են նաեւ անհրաժեշտ մի շարք ապրանքներ Հայաստան ներկրելու հարցում: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն են ցուցաբերել Հայաստանին»,-ասաց ՀՀ վարչապետը:
Հայաստանում ապրիլի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1201 է, արձանագրվել է մահվան 19 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 10 հազար 793 թեստ։ Ապաքինվածների գումարային թիվը դարձել է 402։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: