Այսօր Մարալիկի առողջության կենտրոնում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ցուցումով թեստավորվել է ամբողջ աշխատակազմը: 60-ից ավելի բուժաշխատողի մասին է խոսքը, գրում է armtimes.com-ը։
Բուժաշխատողների մի մասից նմուշառում է իրականացվել իր բնակարանում, մի մասից՝ առողջության կենտրոնում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Նմուշառումներն ուղարկվել են թեստավորման, որպեսզի ամբողջական պատկերն ունենանք, ՀՎԿԱԿ-ը կոնտակտավորների շղթայի հստակեցմամբ է զբաղված եղել ամբողջ օրը: Արդեն նմուշառման արդյունքներից կախված Առողջության կենտրոնի ամբողջական գործունեության հետ կապված համապատասխան որոշումներ կընդունվեն»,- ասաց Շիրակի մարզպետը:
Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակազմի բոլոր անդամներն ունեն ինքնամեկուսացման ցուցում: Թեստերի պատասխաններից հետո նոր մնացած քայլերը կիրականացվեն:
Մարալիկում այս պահին ելք ու մուտքը հսկվում է ոստիկանության ծառայողների կողմից սովորական ընթացակարգով, բայց առավել զգոնությամբ: Այս պահին այլ սահմանափակումներ նախատեսված չեն: Ըստ մարզպետի, թեստավորման արդյունքներից հետո, եթե անհրաժեշտություն լինի, այլ որոշում կընդունվի:
Մարալիկի առողջության կենտրոնում ամբողջությամբ դադարեցված է մարդկանց ընդունելությունը, քաղաքացիների հետ շփումն, ըստ Տիգրան Պետրոսյանի, բերված է մինիմումի: Գործում է միայն շտապօգնության ծառայությունը: Աշխատակիցները Գյումրիից են: «Գյումրու շտապօգնության բրիգադն իրականացնում է ծառայություն Մարալիկում: Այդ կենտրոնի որեւէ աշխատակից ծառայության մեջ չէ, չի աշխատում, բոլորն ինքնամեկուսացված են»,-մեր հետ զրույցում ասաց Տիգրան Պետրոսյանը:
Ըստ Անի խոշորացված համայնքի (որի կազմում է Մարալիկը) ղեկավար Արտակ Գևորգյանի, իրենց շարունակում են ախտահանման աշխատանքներն ու սպասում են պաշտոնական երկու պատասխանի՝ բուժաշխատողների թեստավորման և վարակի տարածման օջախի: «Քաղաքում հատուկ սահմանափակումներ չկան, խուճապ չկա, բայց անհանգստություն կա: Մարդիկ էլ պետք է գիտակցեն, որ իրենց շփումների սահմանափակումները պետք է խիստ պահպանեն, որ հնարավոր նոր զարգացումներ չլինեն: Պետք է փորձեն հնարավորինս տանը մնալ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ում մոտ կա հիվանդությունը և որտեղից կարող է զարգանալ»,- ասաց համայնքապետը:
Անի խոշորացված համայքնի այլ բնակավայրերում վարակի դեպքեր չկան: Օրեր առաջ կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպք գրանցվել էր Ձորակապում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ապրիլի 15-ին, Առողջության կենտրոնի 9 աշխատակցի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Բոլորը մինչև գիշեր մեկուսացվել էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:
ՀՎԿԱԿ-ը դեռ վարակի օջախի մասին պաշտոնական հայտարարություն չի արել: Կան միայն քննարկվող տարբերակներ:
Նշենք, որ ապրիլի 6-ին կորոնավիրուսի հետևանքով մահացած մարալիկցի որսորդը մինչև Գյումրի, այնուհետ Երևան հասնելը 15 օր տնային բուժումներ էր ստացել: Մարտի 29-ին դիմել էր «Գյումրի» ԲԿ, որպես հիվանդ ընդունվել մարտի 30-ին, իսկ արդեն ապրիլի 1-ին տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ տղամարդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:
Վերջինիս մահվանից հետո, ապրիլի 6-ին, ի թիվս այլոց, մեկուսացվել էր նաև մարալիկցի այն բուժքույրը, որը տղամարդուն սրսկումներ էր արել, ինչպես նաև «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները: Վերջիններս կթեստավորվեն առաջիկա կիրակի, կամ երկուշաբթի օրը:
Ընդհանուր առմամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։ Վարակի տարածման սկզբից մինչ օրս Շիրակում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 մարդ բուժումը է ստանում մայրաքաղաքում: Մարզում մահվան մեկ դեպք է գրանցվել:
Աղբյուր՝ armtimes.com