00:00:00

Յո՞ երթաս, իշխանափոխությո´ւն…

16:20, 10 ապրիլ 2018 Հասարակություն

Առնվազն տարակուսելի էր ընդդիմության որոշ ներկայացուցիչների` մեկ տարի առաջ քաղաքական հարթություն նետած` իշխանության վարչապետի թեկնածուի դեմ պայքարի կոչը, առավել ևս, եթե թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Չգիտեմ` որքանով էր իշխանությունը նպաստել նման օրակարգի ձևավորմանը, բայց չեմ կարծում, որ այն բխում էր ընդդիմության շահերից և նախատեսում է քաղաքական լուրջ զարգացումներ: Ուզում եմ հատուկ ընդգծել` խոսքը  լուրջ  քաղաքական  զարգացումների մասին է:
Մի քանի քաղաքագիտական այբբենական ճշմարտություններ, որոնք  հատուկ են պետական կառավարման խորհրդարանական համակարգերին`  անկախ նրանից` դրանք ժողովրդավարակա՞ն են, թե նորաթուխ կամ հեղինակապետական (ավտորիտար): Այդպիսի համակարգերում վարչապետի թեկնածուին առաջադրում և նրա գործունեության ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխող մեծամասնությունը. սա քաղաքագիտական աքսիոմ է, այսինքն` քննարկման ենթակա չէ: Քաղաքական նոնսենս է դիտարկել, որ քաղմեծամասնությունը կարող է իր այդ իրավունքը զիջել մեկ ուրիշին, առավել ևս` խորհրդարանի արմատական ընդդիմությանը, որն այս իշխանության հիմնական ներկայացուցիչներին իշխանափոխությունից հետո տեսնում է ճաղերի հետևում: Եվ եթե դրան էլ ավելացնենք, որ այդ նույն արմատական ընդդիմությունն ԱԺ ընտրություններից հետո ճանաչել է ներկա մեծամասնության լեգիտիմությունը, այսինքն` ճանաչել է նրա մեծամասնություն լինելու օրինականությունը և նրա հետ ԱԺ-ում իրականացնում է օրենսդրական գործունեություն` առավել ակնհայտ կդառնա առաջարկվող օրակարգի քաղաքական բաղադրիչի բացակայությունը կամ օրակարգի արհեստական լինելը: Ըստ էության` այս օրակարգը նաև տեխնիկական է. ի՞նչ տարբերություն` գործող համակարգի պայմաններում Սերժ Սարգսյա՞նը կլինի վարչապետը, Կարեն Կարապետյա՞նը, թե՞ մեկ ուրիշը: Ավելին` Հայաստանի ներքաղաքական խոհանոցին շատ թե քիչ ծանոթ մարդը ստույգ գիտի, որ եթե նույնիսկ Ս.Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով չհամաձայնի իր թեկնածության առաջադրմանը,  միևնույն է` մնալով մեծամասնության ղեկավար, նա է գործնականում իրականացնելու վարչապետական գործառույթները: Ի՞նչ է ստացվում` ներկա տնտեսական և ֆինանսական ստվերը քիչ է, այժմ էլ պետք է համապետական պայքար տանել` արդյունքում ունենալով  ստվերային վարչապետ՞… Կատարյալ քաղաքական մանկամտություն է կարծել, որ ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը կլինի գործնականում մեկուսացված և իշխանությունն էլ անտեր ու կուչ եկած կհայտնվի փողոցում: Նույնիսկ քաղաքական մեծամասնության ղեկավարի կարգավիճակը բավարար է, որ խորհրդարանական համակարգի ընձեռած հնարավորություններով ՀՀԿ ղեկավարը փաստացի իրականացնի գրեթե բոլոր այն լիազորությունները, ինչն իրականացնում էր մինչ այս: Հայաստանում քաղաքական, առավել ևս իշխանական խոհանոցն այնքան թափանցիկ է, որ պետք է կույր լինել աչք ծակող իրականությունը չտեսնելու համար: Եվ այս տարրական քաղաքագիտական կանոններն անտեսելով` մեղադրել ժողովրդին, որ տասնյակ հազարներով չեն հավաքվում այս կեղծ և արհեստական օրակարգը իրականացնելու համար` առնվազն ազնիվ չէ: Արդյոք հասարակության մեծամասնությունը, ի դեմս պայքարը նախաձեռնողների և նրանց առաջարկած օրակարգի, տեսնո՞ւմ է իրական այլընտրանք օրվա իշխանություններին. սա այն կարևորագույն հարցն է, որն այս պահին թափառում է մթնոլորտում: Եթե հասարակությունը դժգոհ է օրվա իշխանություններից, արդյո՞ք քե´զ է դիտում որպես այլընտրան ք… Նախաձեռնության հեղինակները պետք է լրջորեն խորհեն այս հարցերի շուրջ: Առաջիկա զարգացումներում ընդդիմադիրների միջև միակը լինելու անթաքույց նարցիսական պայքարին, գործողությունների ծրագրի անորոշությանն ու քաոսային իրավիճակներում  անկանխատեսելի հետևանքներով հնարավոր զարգացումներին հասարակության մեծամասնությունը վերաբերում է կամ զգույշ, կամ` ընդհանրապես անտարբեր է: Նույնիսկ քրիստոնեական աշխարհում ոչ միանշանակ ընկալվող` «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» պատվիրանով` դժգոհող ժողովրդին փողոց կանչելը երեխայական խորամանկություն է, անհամոզիչ, անգամ` վտանգավոր: Ագրեսիվ տրամադրվածությամբ հրապարակ եկած այդ ո՞ր միտինգավորը անհրաժեշտության դեպքում  հարթակի հռետորի` «մյուսն էլ դարձրու» հրահանգին կսպասի… Ժ. Սեֆիլյանի թիմը ավելի ազնիվ է` չի կեղծում իրեն քրիստոնեական հնազանդության քարոզով: Կարծում եմ` ի դեմս որոշ ուժերի , իշխանություններն ընդդիմության դաշտում այսօր ունեն իրենց քաղաքական ազդեցության գործակալներին, ովքեր թեկուզ անկեղծորեն ընդդիմանում են գործող համակարգին (հավատում եմ նրանց անկեղծությանը), բայց անուղղակիորեն խաղում են իշխանությունների սահմանած խաղի կանոններով, ինչն ավելի է ամրապնդում մեծամասնության դիրքերը: Մեզանում ձևավորված ներքաղաքական խճանկարում, կարծում եմ, պարարտ հող է ստեղծվել օրվա իշխանությանը քաղաքական իրական այլընտրանք ձևավորելու համար: Այն մի կողմից կզսպի առանց այլընտրանքի մնացած իշխանությունների անփոխարինելիության բարդույթը, մյուս կողմից հասարակությանը կհամախմբի հստակ գաղափարա-քաղաքական այլընտրանքային ծրագրերի շուրջ: Դրա համար  ընդամենը անհրաժեշտ է ներկայացնել ստեղծված իրավիճակին համարժեք քաղաքական համակողմանի ծրագիր, որտեղ, նկատի ունենալով մեր առաջնահերթությունները, լուծումներ կառաջարկվեն` դիմակայելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Այդ ծրագիրը պետք է ներառի մի շարք հիմնախնդիրներ, որոնցից մի քանիսը փորձեմ ներկայացնել. Հայաստանն այս պահին մեկուսացված է տարածաշրջանային գրեթե բոլոր նախագծերից և ֆիզիկապես սպառվում է: Բոլորովին վերջերս Իրանը, Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը  համատեղ պայմանավորվեցին ևս մեկ նախագծի շուրջ, որը նախատեսում է հինգ հազար կիլոմետր երկարությամբ երկաթգծի կառուցում Հնդկաստանից Եվրոպա` շրջանցելով Հայաստանը: Ի դեպ, վերջերս Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին ակտիվացել են, Իրանը նույնիսկ ցանկություն է հայտնել նույնպես ներգրավվել տարածաշրջանային մյուս նախագծերում, որոնցում նախկինում ընդգրկված չէր: Ո՞րն է տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու ելքը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել: Ադրբեջանն արցախյան հակամարտությունում ունի հստակ թիկունք ` ի դեմս իր անդավաճան ռազմավարական դաշնակից Թուրքիայի և Իսլամական Վեհաժողով կազմակերպության (ԻՎԿ): Շուրջ մեկ տարի առաջ Անկարայում գումարված ԻՎԿ-ի կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահի  ներկայացրած հակաարցախյան նախագծին մասնակից 59 պետություններից 56-ը կողմ քվեարկեցին` հակամարտությունը ինչ-որ առումով տեղափոխելով միջկրոնական հարթություն, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն էր: Ադրբեջանը չի թաքցնում իր դիրքորոշումը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հարցում` սպասելով իր համար նախընտրելի պահի: Ո՞րն է ստեղծված իրավիճակին համարժեք քայլը, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ովքե՞ր են լինելու մեր իրական դաշնակիցները, եթե նկատի ունենանք, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը  ավելի սերտ հարաբերությունների մեջ է  ոչ ՀԱՊԿ-ի անդամ Ադրբեջանի հետ  և իրենց իսկ կողմից չճանաչված Արցախն էլ դիտվում է ՀԱՊԿ-ի պաշտպանական սահմաններից դուրս: ԵՎ ամենակարևորը` ինչպե՞ս ենք պատկերացնում Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը: Ակնհայտ է, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այսպիսի մեկուսածվածության պայմաններում, միայն Հայաստանի և Արցախի համատեղ ուժերով դժվար կլինի դիմակայել: Բայց մենք ունենք արտերկրում ապրող մեր ազգի մոտ 2/3 հատվածը, որի հետ համագործակցությունը, իմ կարծիքով, առայժմ ոչ լիարժեք է: Ավելին` համազգային ծրագրի բացակայության պայմաններում ինչ-որ տեղ կարող սփյուռքի գոյությունն անուղակիորեն նպաստում է արտագաղթին` բարեկամա-հարազատական կապերի գոյության և գործադրման շնորհիվ: Արտագաղթի չափերն արդեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը: Թվում էր, թե անկախության պայմաններում ազգային տուրքի միջոցով նաև համահայկական դրամագլխի ստեղծումը կդիտվեր առաջնահերթություն, բայց այս կարևոր գաղափարը մենք այդպես էլ չիրականացրինք: Ի դեպ, թե´ ներգաղթի և թե ազգային տուրքի գաղափարը բացառիկ կազմակերպվածությամբ և ճշտգրտությամբ լուծված է Իսրայելում` իրեց ազգային համապարփակ ծրագրի շնորհիվ: Ընդամենը մեկ փաստ. Իսրայելի անկախության հռչակումից հետո ներգաղթի միջոցով 25 տարիների ընթացքում ավելի քան վեց անգամ ավելացավ բնակչության թիվը, իսկ ազգային տուրքի շնորհիվ գոյացած դրամագլուխն առանձին դեպքերում տարվա կտրվածքով գերազանցում էր ազգային բյուջեն: Մեզ այս պահին չափազանց կարևոր առաջնահերթություն է այդպիսի համազգային ծրագրի մշակումն ու իրագործումը: Իհարկե, կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահանջում են ծրագրային մոտեցումներ` առաջարկվող համապատասխան լուծումներով:  Համոզված եմ, որ խաղի այն կանոնները, ինչով առաջնորդվում է այսօր քաղաքական էլիտան` իշխանություն, թե ընդդիմություն, համարժեք չեն ստեղծված իրավիճակին, վստահություն չեն ներշնչում վաղվա օրվա նկատմամբ: Իսկ սա այն կարևոր հարցն է, առանց որի ճշգրիտ պատասխանը գտնելու` իշխանության համար պայքարը դառնում է անհամոզիչ և ինքնանպատակ:   ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր