00:00:00

Հայաստանի ատոմակայանը Հայաստան-ԵՄ համաձայնագրով չի փակվելու

15:25, 10 ապրիլ 2018 Տնտեսություն

Այսօր Ազգային ժողովի նիստում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը փորձեց հասկանալ՝ ինչպիսի՞ն է լինելու հայկական ատոմակայանի ճակատագիրը։
«Մենք ի՞նչ պարտավորություններ ենք ունենալու մեր ատոմակայանի մասով եթե մենք վավերացնենք այս համաձայնագիրը, որովհետև դուք գիտեք, որ մենք 300 մլն վարկի շրջանակներում ռեսուրս ենք թարմացնում ատոմակայանում առաջիկա տասը տարիների համար», - հարցրեց  Մելքումյանը։
Հարցը ներկայացնող հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն ի պատասխան պատգամավորի հարցին՝ հայտարարեց, որ արհեստական են այն տեղեկությունները, թե իբր ատոմակայանը փակվելու է համաձայնագրի ստորագրումից հետո։
«ՀՀ նախագահը բազմիցս է հայտարարել այդ մասին։ Էներգետիկայի ոլորտում մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության հիման վրա։ Այդ համագործակցությունը պետք է ընդգրկի ի թիվս այլ հարցերի նաև Մեծամորի ատոմակայանի ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը։ Այսինքն՝ խոսքը ճանապարհային քարտեզի վաղաժամ ընդունման մասին է և ոչ թե ատոմակայանի փակման», - հստակեցրեց փոխնախարարը։
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, այս համաձայնագրով կողմերը պայմանավորվել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցելիս հաշվի առնել Հայաստանի առանձնահատկությունները։
Պայմանավորվածություն կա նաև Հայաստանի ատոմակայանի հին էներգաբլոկը փոխարինել նորով, ինչը, ըստ փոխնախարարի,  Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության պահանջն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր