00:00:00

Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետաց դասերի շարք աշխարհում հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ

16:26, 04 ապրիլ 2020 Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետության դասերի շարք, որոնք վարում են հայտնի երաժիշտներ և պրոֆեսորներ։ Այս շարքի առաջին պարապմունքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին. այն վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկին։ Նա Եվրոպայում ջութակի լավագույն ուսուցիչներից է. Իգոր Պետրուշեւսկու սաները միջազգային տարբեր մրցույթների հաղթողներ են, լավագույն նվագախմբերի կատարողներ, անվանի մենակատարներ։ Մեծահամբավ երաժիշտը դասն անցկացրել է սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Եվա Մարկոսյանի հետ, իսկ դասին հետեւել են մոտ 70 երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասին մասնակցելու հնարավորություն է ընձեռել ոչ միայն նվագախմբի անդամներին, այլեւ երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի ուսանողներին, բոլոր ցանկացող երաժիշտներին։ Վարպետության դասի ընթացքում ջութակահարուհին ներկայացրել է Բախի 2-րդ պարտիտը։  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է, որ առցանց վարպետաց դասերն իրենց կրթական առաքելության մասն են կազմում։ Դրանք լինելու են շարունակական. հայ երաժիշտների համար հնարավորություն են ստեղծելու հանդիպելու աշխարհում մեծ ճանաչում ունեցող արտիստների հետ, ծանոթանալու նրանց մասնագիտական հմտություններին, կատարողական նրբություններին։ Ըստ մաեստրոյի, կորոնավիրուսի տարածմամբ պարտադրված համերգային գործունեության դադարը պետք է կարողանալ նպատակային և արդյունավետ օգտագործել, եւ այս նախաձեռնությունը միտված է հենց դրան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր