Օրական 100-ից ավելի նամակներ, մինչեւ 120 հազար դրամ գումարի աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին։ Արտակարգ դրության հաստատման առաջին օրից, մինչ այսօր Հովիկ Հունանյանը իր ընտանիքի միջոցներով փորձում է օգնել այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում։ Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում որոշ լուսանկարներ է հրապարակում, բայց ոչ նրա համար, որ բարեգարծությունը գովազդի, այլ, ակնկալիքով, որ միացողներ կլինեն։ Միասին ավելի շատ ընտանիքների ու կառույցների կկարողանան օգնել։
Irakanum.am-ի հետ զրույցում Հունանյանը նշեց, որ այս ընթացքում իր հնարավորության շրջանակներում աջակցություն է ցուցաբերել նաև «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին, Շտապօգնության ծառայությունը եւ այլ կառույցերի։ «Փորձում ենք ամեն օր գոնե 50-60 հոգու օգնել։ Նամակներ ենք ստանում տարբեր քաղաքացիներից, հատկապես հարկադիր պարապուրդում գտնվող ընտանիքներից, ովքեր ունեն սնունդի, դեղորայքի, հագուստի կարիք»,- ասաց Հունանյանը։ Նա նշեց, որ բոլոր դիմումներին ընթացք են տալիս։ Աջակցում են նաեւ ալկոգելով, բժշկական դիմակներով ու ձեռնոցներով։
Շուրջ քսան օր է այս նախաձեռնությունն է իրականացնում, սակայն միացողների թիվը մեծ չէ։ Փաստը որոշակի նեղսրտել է երիտասարդին, բայց նշում է, որ շարունակելու է հնարավորությունների շրջանակում աջակցել այն մարդկանց, ովքեր ունեն առաջնային օգնության կարիք։ Հունանյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությանը միացել եւ աջակցություն է ցուցաբերել մոդել Անիտա Հարությունյանը։
Հովիկ Հունանյանը տեղեկացրեց, որ մինչ արտակարգ դրության ավարտը կշարունակի օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին։ Իր այս քայլով փորձում է ցույց տալ, որ հասարակությունը միայնակ չէ, բայց եւ կոչ է անում բոլոր այն անհատներին, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ միանալ իր ընտանիքին եւ շարունակել տրամադրել աջակցություն։
Լուսանկարները՝ Հովիկ Հունանյանի ֆեյսբուքյան էջից։