00:00:00

Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. Արայիկ Հարությունյան

23:09, 01 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ՝ մարտի 31-ին քաղաքացիական բարձր գիտակցություն ցուցաբերելու և ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք մեր ամուր կամքի և վճռականության շնորհիվ մեկ անգամ ևս ապացուցեցինք ողջ քաղաքակիրթ աշխարհին, որ Արցախի ինքնիշխան Հանրապետությունը միջազգային հարթակներում պետք է ստանձնի իր ուրույն տեղն ու դերը:
Սիրելի՛ հայրենակիցներ Ձեր վստահության քվեի շնորհիվ «Ազատ հայրենք -ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը Խորհրդարանում կունենա ամենամեծ խմբակցությունը՝ 16 պատգամավորական մանդատով: Կրկին հայտնելով երախտագիտությունս՝ հավաստիացնում եմ, որ, շնորհիվ ձեր մեծ աջակցության, մեր քաղաքական թիմը պատրաստ է կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք ձեր դատին ենք ներկայացրել նախընտրական շրջանում: Ես ողջունում եմ նաև խորհրդարանական մեր ապագա բոլոր գործընկերներին, որոնց հետ շուտով պետք է ակտիվ և արդյունավետ աշխատանքներ ծավալենք: Բազմակուսակցական խորհրդարանի գործունեությունը մեր իրականության մեջ, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու օրենսդրական աշխատանքին: Անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքներին՝ հարկ եմ համարում նշել, որ դրանք մեկ անգամ ևս փաստեցին այն, որ Արցախում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Բոլորս համոզվեցինք, որ յուրաքանչյուրիս քվեն ոչ միայն կարևոր է, այլև որոշիչ: Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. մեր երկրում կայացան ազատ, արդար և մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս ձեռքբերումն է: Սահմանադրական ճանապարհով իշխանություն ձևավորելու հաջորդ հանգրվանն ընտրությունների երկրորդ փուլն է, և մենք միասնաբար ու ավելի ամուր ճակատով, կդիմագրավենք բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր միասնական հայրենքի ու ժողովրդի առաջ:
Եվս մեկ հարց, որին հարկ եմ համարում անդրադառնալ, վերաբերում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգին: Համաշխարհային այս համաճարակը ողջ մարդկությանը նետված մարահրավեր է: Խնդրում եմ ձեզ խստորեն պահպանել առողջապահության նախարարության ցուցումները: Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ պատրաստ ենք հետևելու իշխանության ցանկացած որոշման: Կեցցե՛ Արցախի հերոսական Հանրապետությունը: Կեցցե՛ Մայր Հայրենիքը: Կեցցե՛ հայ ժողովուրդը, որի կենսական և հզոր ներուժն առավելագույնս կծառայեցվի ի շահ և ի բարօրություն հայոց աշխարհի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր