«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
Այլ կերպ ասած, հնարավոր է լինում տեղորոշել մարդկանց։ Նախ նշենք, որ խորհրդարանում բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երեկվա արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն:
Նկատենք, որ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել նիստի մեկնարկից ժամեր առաջ եւ հասցրեց քննադատության արժանանալ ինչպես ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպանների կողմից։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսպիսի կարգավորումներ մտցնելու հեղինակն ու կողմնակիցը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ «Իմ քայլը» խմբակցության մեջ եւս կան մարդիկ, որոնք դեմ են այս կարգավորումներին, այն սխալ են համարում։