Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 482 դեպք, որից 58-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում: «58 դեպքերից 25 հոգին ի սկզբանե եղել են կարանտինում՝ մեր հատուկ պահման վայրերում: Այսինքն՝ շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, և համաճարակաբանական տեսանկյունից դա շատ լավ է: 31 հոգին այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն երկուսն են, որ նոր բերովի դեպք են արտերկրից, որոնց շփման շրջանակը հիմա պարզվում է»,-ասել է նախարարը:
Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, ում վիճակը, սակայն, կարող է դառնալ ծանր, քանի որ դրական դինամիկա է նկատվում: «Հնարավոր է, ինտուբացիան դադարեցնենք, այսինքն այդ արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը: Եվ ևս երկու ծանր, որոնք մենք գնահատում էինք, որ հնարավոր է դառնա ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,-նշել է Արսեն Թորոսյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախորդ օրերին արձանագրված մահվան երկու դեպքերին և ցավակցել հարազատներին մահվան կապակցությամբ: «Երկու պացիենտն էլ ունեցել են շատ ծանր քրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ»,- նշել է վարչապետը և հորդորել քաղաքացիներին առանձնակի ուշադիր լինեն այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ և պահպանել մեկուսացման պայմանները, ամեն ինչ անել, որ այսպիսի հիվանդություն ունեցող մարդկանց՝ արտաքին աշխարհի հետ շփումը լինի հնարավորինս սահմանափակված:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության: «Այսինքն՝ մենք խնդիրներ չունենք վերաստուգվելուց հետո»,-ասել է նախարարը:
Վարչապետն անդրադարձել է նաև հեռավար ուսուցմանը և նշել, որ դրա վերաբերյալ արձագանքները դրական են:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանը նշել է, որ գործաընթացի վերաբերյալ դրական արձագանքները նաև ուսուցիչների մասնակցության և ոգևորության արդյունքն են: «Մենք ասում էինք՝ դպրոցը կկայանա և կզարգանա, այն դեպքում եթե ընդհանուր առմամբ դպրոցի շուրջ ձևավորված համայնքն ակտիվ լինի: Հիմա այդ մոդելը սկսել է գործել. ունենք աշակերտների, ծնողների, ուսուցիչների, տնօրենների շատ բարձր ներգրավվածություն»,-ասել է նախարարը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներին՝ սաքերին և ինտերնետ կապի հասանելիությանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ խնդրի վերաբերյալ կազմակերպչական մի քանի հարց կքննարկվի նիստի դռնփակ ռեժիմով: «Ես շատ ուրախ եմ, որ դրական են արձագանքները, որովհետև նախկինում մենք հեռավար կրթության մասին խոսում էինք հեռավոր գյուղերում կրթությունը հասանելի դարձնելու համար: Կարծում եմ, որ այս փորձը կօգնի մեզ հետագայում նաև այդ նպատակին հասնելու գործում»,-ասել է վարչապետը:
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ, ութերորդ միջոցառումները: Միջոցառումների նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:
Եվ այսպես` վերցերորդ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
. ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
. ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
. 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
. ով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի որոշմամբ (մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ) սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։
Աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:
Յոթերորդ միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով:
Ութերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Մասնավորապես՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող: Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք: