Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողներին և ԱՁ-ների մասին է։
Ըստ նախագծի՝ տուժած ոլորտ չեն համարվում մանրածախ առևտրի այն ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:
Վարձու աշխատողները շահառու են համարվում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ:
«Աջակցությունը տրամադրվում է միանվագ։ Վարձու աշխատողի համար 2020 թ․ հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը»,- հայտնեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։