00:00:00

«Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ». ՍԱՏՄ ղեկավար

18:11, 25 մարտ 2020

Տնտեսվարողները մինչև արտակարգ դրության հայտարարելն էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ցուցումներ ստացել՝ իրենց խանութներն ավելի հաճախ ախտահանելու վերաբերյալ, այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա վստահեցրեց, որ իրականացվում են մշտադիտարկումներ: «Մեծ տնտեսվարողների հետ անընդհատ ամենօրյա կապի մեջ ենք, ստանում ենք լուսանկարների և տեսանկարահանումների տեսքով հաշվետվություններ, թե ինչպես են ախտահանում և այլ միջոցառումներ իրականացնում՝ սանիտարահիգիենիկ պայմանները պահպանելու համար»,- ասաց Ավետիսյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե հացն անգամ այս օրերին առանց տոպրակների է վաճառվում, ինչն անհանգստություն է առաջացնում, որ դրա միջոցով կարող է վիրուս փոխանցվել, ՍԱՏՄ ղեկավարն արձագանքեց, որ անհանգստություններ կան նաև այլ սննդամթերքների միջոցով վիրուսի հնարավոր տարածման հետ կապված: «Ֆիքսում ենք, որ սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ, չկա որևէ իրավական կարգավորում, որ հացը պետք է լինի փաթեթավորված, սակայն որոշ տնտեսվարողներ սկսել են հացը փաթեթավորված վիճակում առաքել, շատերն էլ հացի դարակաշարերն առանձնացրել են ապակիով կամ պոլիէթիլենային տոպրակներով: Դեռ չգիտենք՝ փաթեթավորման հետ շփումից հարուցիչը որքան երկար կարող է մնալ, դրա համար այդ մասով դեռ ոչինչ չենք կարող ասել: Կորոնավիրուսը համարվում է վիրուս, որը ջերմային մշակման ժամանակ վերանում է, չի դիմանում ջերմությանը: Խոսել, որ մսի միջոցով կամ այլ սննդամթերքի միջոցով կարելի է վարակվել, հիմնավորված չէ»: Ինչ վերաբերում է խանութների աշխատակիցների՝ առանց ձեռնոցների աշխատելուն, Ավետիսյանն ասաց, որ դրանց օգտագործումը պարտադիր է. «Այդ ձեռնոցներով մի սննդամթերքի դիպչելուց հետո անմիջապես պետք է հանվեն, ուրիշ ձեռնոց պետք է օգտագործեն: Ցուցումների լրջությունը որոշ տնտեսվարողներ դեռ չեն հասկացել, հուսով եմ՝ այսօր նման դեպքի մասին կլսենք, որ դիմակներով չապահովելու համար տնտեսվարողներից մեկը տուգանվել է»,- պարզաբանեց  ՍԱՏՄ ղեկավարը։ Ռիսկեր կա՞ն այս օրերին պահեստավորված սննդամթերքի հետ կապված. «Պետք է պարտադիր ուշադրություն դարձնենք ժամկետներին, պահպանման պայմաններին, հաշվի առեք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն ավարտվելու է, և քանակները պետք է սպառել կամ դեն նետել: Անկախ քանակից՝ ափսոս չէ, պետք է թափել, եթե ժամկետն անցել է»: ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի՝ կենդանիներից մարդկանց անցման հաստատված դեպքեր ևս չկան, հատկապես՝ ընտանի և գյուղատնտեսական կենդանիներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր