Գյումրին մարդասիրական օգնություն կուղարկի Սիան: Փետրվարի 11-ին Գյումրու ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը նվիրված էր Գյումրիից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք մարդասիրական օգնություն ուղարկելու համար բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելուն: Նախագիծը կազմվել էր հիմք ընդունելով Սիանից ստացված նամակները: Պահանջվող գումարը ընդհանուր 2 մլն դրամ է, որի մեջ մտնում է ինչպես պարագաների, այնպես էլ փոստային ծառայության անհրաժեշտ գումարը: Պարագաները գնվել են՝ հաշվի առնելով Սիանի կարիքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նախատեսված գումարի շրջանակներում ձեռք են բերվել մեկանգամյա օգտագործման խալաթներ, դիմակներ, բախիլներ և ձեռնոցներ: Ծանրոցների մոտավոր քաշը կազմում է 320 կգ: Ծանրոցները կհասնեն Սիան 4-5 օրերի ընթացքում: «Այս պահին այդ պարագները փաթեթավորվում են, որից հետո կտեղափոխվի փոստային ծառայություն իրականացնող ընկերության փոստային բաժանմունք, կուղարկվի Չինաստան»,-ներկայացնելով աշխատանքները նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ տրանսպորտային և տեղափոխման ծախսերը հաշվի առնելով, գումարը կարող է 2 մլն դրամից ավելի լինել:
Բացի համայնքային բյուջեից հատկացված գումարներով ձեռք բերված պարագաներից, Գյումրիում դեղատներից մեկի պատասխանատուն իր կողմից անվճար տրամադրել է ևս 6000 դիմակ: Օգնությունը տրամադրելու որոշումը Գյումրու ավագանին ընդունեց միաձայն։
Գյումրին ու Սիանը համագործակցության հուշագիր ստորագրել են 2015 թվականին:
Բարեկամ Չինաստանում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակն անտարբեր չի թողնում հայ ժողովրդին: Հայաստանում հասարակության տարբեր հատվածներ բարեկամ պետությանն ու ժողովրդին սատարող խոսքեր են հղում: «Քեզ հետ ենք, Չինաստան» խորագրով շարքի միջոցով «Արմենպրես»-ը կներկայացնի իրականացվող աջակցության ակցիաներն ու գոտեպնդող խոսքերը:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Փետրվարի 11-ի դրությամբ երկրում վարակման դեպքերի թիվը հասել Է 42 հազար 638-ի։