Արտահայտելով «Միասնական հայրենիք» կուսակցության դիրքորոշումը՝ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին սատարելու են նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից մեկին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
«Փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության արտահերթ համագումարը:
Համագումարի ընթացքում քննարկվել և ընդունվել են կուսակցական մի շարք որոշումներ, այդ թվում՝ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ:
Արտահայտելով Կուսակցության դիրքորոշումը սույն հարցի կապակցությամբ՝ նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ սատարելու են նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից մեկին:
«Մենք հետաձգում ենք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ Կուսակցության վերջնական դիրքորոշում հայտնելը, քանի որ ներկայում բանակցություններ ենք վարում գործող քաղաքական ուժերի հետ: Մենք խնդիր ենք դրել Արցախում գործող ուժերին համախմբելով ընթանալ առաջ՝ հանուն պետության զարգացման: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել մեր մեջ և կերտենլ մեր երկիրը, ընտրություններից դուրս գալ համախմբված:
Պիտի առաջ մղվի ոչ թե այս կամ այն կուսակցության շահերը, այլ համայն հայության, ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել նույն թեկնածուի շուրջ՝ ի շահ Արցախի անվտանգության»,- ասված է Կուսակցության նախագահի ելույթում:
5-օրյա ժամկետում համապետական ընտրությունների Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ հանդես գալ կուսակցության վերջնական դիրքորոշումն արտացոլող հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: