00:00:00

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասել է Սյունիք եւ Վայոց ձոր

14:41, 07 փետրվար 2020

Շարունակվում է հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ներկայացման գործընթացը: Հանրային իրազեկման արշավի շրջանակում փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները Գորիսում հանդիպում են ունեցել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների եւ ֆերմերների հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն իր ելույթի սկզբում ընդգծել է համայնքապետերի կարեւոր դերը ֆերմերներին այդ տեղեկատվության հասանելիության ապահովման հարցում: Իռա Փանոսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է պետօժանդակության ծրագրերը՝ հատուկ անդրադարձ կատարելով հատկապես նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր եւ միջին ջերմոցային տնտեսությունների հիմնման, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրմանը: Ընթացիկ ծրագրերի թվում Իռա Փանոսյանը նշել է նաեւ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որը թե՛ ֆիզիկական եւ թե՛ իրավաբանական անձանց  կարող է ծառայել բոլոր ուղղություններով գյուղատնտեսության գործունեություն իրականացնելու համար: Ըստ նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանի՝ Սյունիքում ձեւավորվել է կարծիք, որ մարզում այգեգործությունն ու ջերմոցային արտադրությունն այդքան էլ արդյունավետ չեն, եւ ֆերմերները նախընտրում են զբաղվել անասնապահությամբ, մասնավորապես՝ տավարաբուծությամբ եւ ոչխարաբուծությամբ: Մինչդեռ, ըստ նրա՝ այգեգործության ոլորտում հնարավոր է հաջողության հասնել բարձր բերքատվություն ապահովող սորտերի ճիշտ ընտրության շնորհիվ: Նա մարզում հեռանկարային է համարել նաեւ ջերմոցաշինության ոլորտը. «Ունենալով ջերմոցային տնտեսություններ՝ ֆերմերները կկարողանան ապահովել մարզի ներքին շուկայի սպառումը, եւ, ինչու չէ՝ վաճառք իրականացնել նաեւ Արցախում», - նշել է Դավիթ Դավթյանը եւ հավելել, որ Սյունիքի մարզում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար եւս առկա են բարենպաստ պայմաններ: Իրազեկման արշավի շրջանակում հաջորդ հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին՝ Եղեգնաձոր քաղաքում: Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Ողջունելով հանրային իրազեկման այս նախաձեռնությունը՝  մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին առավելագույնս տեղեկանալ ծրագրերի պայմաններին, որպեսզի հետագայում կարողանան իրենց համայնքներում ճիշտ ուղղորդել շահագրգիռ ֆերմերներին: Հանդիպման ընթացքում պետօժանդակության ծրագրերի պայմաններից ու մասնակցության ընթացակարգից բացի՝ Իռա Փանոսյանը ներկայացրել է, թե ինչպես կարելի է գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ գործունեություն ծավալել՝ զուգահեռաբար օգտվելով մի քանի ծրագրից: Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին՝ Իռա Փանոսյանը տեղեկացրել է, որ ծրագրի սկզբնական փուլում ապահովագրվում էր միայն երկու մշակաբույս՝ խաղողը եւ ծիրանը, եւ արդեն իսկ  մեկնարկել է աշնանացան ցորեն/գարի, գարնանացան ցորեն/գարի, դեղձ եւ խնձոր մշակաբույսերի պոլիսների վաճառքը: Նա հիշեցրել է, որ ընթացիկ գյուղատնտեսական տարում խաղողի եւ ծիրանի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետներն են՝ կարկուտի եւ հրդեհի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը: Ծրագրի ընդլայնված տարբերակով խնձորի համար (կարկուտ) ապահովագրական պայմանգիր կնքելու վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 20-ը, դեղձի համար (կարկուտ եւ հրդեհ)՝ մարտի 20-ը, դեղձի համար (գարնանային ցրտահարում)՝ փետրվարի 15-ը, աշնանացան ցորեն/գարի (կարկուտ եւ հրդեհ)՝ մայիսի 1-ը, գարնանացան ցորեն/գարի (կարկուտ եւ հրդեհ)՝ նույնպես մայիսի 1-ը: Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության մյուս մարզերում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր