00:00:00

Կանաչ տնտեսությունից` մինչև արտադրողականություն. Նախարարը ՎԶԵԲ փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

14:00, 07 փետրվար 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երեւանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Նա համոզմունք է հայտնել, որ միջոցառումը կնպաստի  մեր երկրի ու տնտեսության նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը: Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն ու գործողություններն՝ ընգծելով մասնավոր հատվածի հավասար մրցակցության եւ թափանցիկության կարեւորությունը: «ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում շատ կարեւոր է: Առանձնակի կարեւորում ենք, որ Բանկը ուղիղ աշխատում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ, քանի որ ՎԶԵԲ-ի ներկայությունը մասնավոր հատվածում միայն տնտեսական ներկայություն չէ, այն նաեւ տնտեսական մշակույթի չափորոշիչներն է սահմանում այդ ընկերությունների զարգացման համար: Այդ հատվածում առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր», - նշել է նախարարը: Տիգրան Խաչատրյանը կարեւորել է նաեւ Բանկի միջնորդավորված ներկայությունը՝ Հայաստանի տնտեսական կյանքում նշանակալի համարելով Եվրոպական միության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման իրողությունը: «Երեւան ենք ժամանել շատ հատկանշանական ժամանակահատվածում. մեր 71 անդամները որոշում կայացրեցին հաջորդ հավաքն անցկացնել այստեղ: Սա երկուստեք հրաշալի հնարավորություն է, մասնավորապես՝ Հայաստանը կարող է ակնկալել միջազգային լսարանի ու ներդրողների հետաքրքրություն այս համատեքստում», - ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի  փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը։ Պիեր Հեյլբրոնն իր խոսքում անդրադարձել է ՎԶԵԲ-ի կողմից մշակվող երկրի ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանը  նշանակալի աշխատաքներ է տանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի կառավարության տնտեսական թիմի առաջնահերթություններից՝ հստակեցնելու հետագա համագործակցությունը: Կողմերն այս համատեքստում քննարկել են կապիտալի շուկայի զարգացումը՝  որպես ենթակառուցվածք եւ մրցունակության բարձացման միջոց, որտեղ, ըստ Տիգրան Խաչատրյանի, Հայաստանը փոփոխությունների մեծ ներուժ ունի: Նախարարն այստեղ կարեւորել է միջազգային փորձագիտական աջակցությունը: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում տեխնիկական զինվածության եւ արտադրողականության  բարձրացրման կարիքների վերաբերյալ՝ խրախուսելու այդ ուղղությամբ իրականացվող ներդրումները: Անդրադարձ է եղել «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակման խնդիրներին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, վարքածային փոփոխությունների անհրաժեշտությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր