ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև առկա է լուրջ հակասություն, որն արդեն ակնհայտ է դառնում: Քիչ առաջ նախագահականից տարածեցին հաղորդագրություն, համաձայն, որի Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան: 2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Թե որն էր ԱԺ մեծամասնության կողմից ընդունված նախագծում հակասահմանադրականությունը Արմեն Սարգսյանի գրասենյակից տարածած պարզաբանման մեջ նշված չէ. Սակայն ինքնին այս փաստը խոսում է, որ Արմեն Սարգսյանը հայտնում է իր անհամաձայնությունը գործող մեծամասնությանը: Սահմանադրական դատարան դիմելու որոշում Արմեն Սարգսյանը կայացրել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
Ի դեպ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր «Նախորդ օրը կայացած Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումն անցել է բավականին ծանր մթնոլորտում: Չնայած տարածված հաղորդագրության անշառ տեքստին, Արմեն Սարգսյանն առանց ավելորդ «սեթեւեթանքի» Փաշինյանին ասել է` նման հակասահմանադրական օրենք պատրաստ չեմ վավերացնել՝ հետագայում խնդիրներ կարող են լինել, եւ հորդորել է հետ կանգնել այդ նախաձեռնությունից, որովհետեւ միջազգային կառույցներից լուրջ ահազանգեր են ստանում, այդ թվում եւ` ուղիղ զգուշացումներ, որ ինստիտուտների նկատմամբ նման մոտեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար:
Դատելով ընթացող զարգացումներից կարելի է ենթադրել, որ Արմեն Սարգսյանը որոշել է այլեւս դիտորդի կարգավիճակում չմնալ եւ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել.
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ նախագահ Սարգսյանը իր առաջին անհամաձայնությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի թիմին՝ Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելու եւ կուսակցություն հիմնելու հայտարարարությունից հետո:
Քաղաքական դաշտում լուրջ վերադասավորումներ ու խմորումներ են ընթանում, որից սակայն Հայաստան պետության շահը չպետք է տուժի:
Irakanum.am