Հայաստանի նոր իշխանությունը տեւական ժամանակ դադարեցրել էր համայնքների խոշորացման գործընթացը ոչ միայն ուսումնասիրությունների պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ մենք հստակ հայտարարել էինք, որ առանց բնակիչների համաձայնության խոշորացումը տեղի չի ունենալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք խոսել էին տեղական հանրաքվեի ինստիտուտի ուժեղացման մասին:
«Այս քննարկումների արդյունքում առաջացավ այսպիսի մի հարց. քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, ինչո՞ւ ենք բոլոր դեպքերում պարտադրում հանրաքվե, եթե առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այսինքն կստացվեր, որ մենք համայնքին պարտադրում ենք սեփական միջոցները ծախսել հարցի ակնհայտ պատասխան ստանալու վրա: Հետեւաբար որոշեցին գնալ մի փոքր այլ ճանապարհով: Երբ մենք հայտարարում ենք համայնքների խոշորացման մասին, եւ այն համայնքում, որտեղ կա առարկություն, այդ համայնքում քաղաքացիներն իրենք կարող են նախաձեռնել հանրաքվե: Երբ հանրաքվեն նախաձեռնվում է եւ արձանագրվում է դե յուրե, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, մենք այդ կարծիքը հաշվի ենք առնում եւ ձեռնպահ կմնանք խոշորացումից»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա փարատեց մտահոգությունը, թե խոշորացման արդյունքում գյուղը վերանում է. «Ինչպես կա մարզպետարան, քաղաք, գյուղ, այնպես էլ խոշորացված պարագայում կա համայնք եւ կա բնակավայր: Խոշորացվող գյուղերը դառնում են բնակավայրեր: Խոշորացումից հետո սեւքարեցին չի դադարելու լինել սեւքարեցի: Փոխարենը խոշորացված համայնքներն ունեն ավելի մեծ բյուջե, հետեւաբար, ավելի մեծ աջակցություն են ստանում կառավարությունից»,-ընդգծեց վարչապետը:
Նա կոչ արեց դուրս գալ տեղային հայրենասիրության տրամաբանությունից: