«Լավ եք անում, որ պայքարում եք, բայց օրենքով պայքարեք»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Օրենքի խախտումները մի կուտակեք ձեր վրա, որ հետագայում ձեր օրենքի խախտումներով այլ գործընթաց չսկսվի, որի տուժողը ՀՀ-ն է»,- ասաց նա: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ բերված նախագծի որևէ իրավական հիմնավորում չհնչեց այսօր հեղինակի կողմից: Դա պատմական ու լրագրողական ելույթ էր, բայց ոչ իրավական, բայց արդյոք նման ելույթներով կարող ենք հիմնավորել սահմանադրկան փոփոխությունները:
«Պայքարը, նպատակը հասկանալի է, բայց արդյոք այն միջոցները, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն: Իմ խորին համոզմամբ՝ մակերեսային են: Դրա արդյունքում դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, և հետագայում այս ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները: Եվ չեք կարող դրա տակից դուրս գալ: Խախտումները գիտեք, չեք ուզում ընկալեք, ի՞նչն է պատճառը: Մի՞թե կարելի է նման մակերեսային փոփոխություններ անել Սահմանադրությունում»,- հավելեց Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, դրա շրջանակներում հնարավոր կլիներ լուծել նաև ՍԴ խնդիրը: Նա հարցադրում արեց. «Ինչո՞ւ եք խուսափում նորմալ ու համակարգային լուծումներից: Դուք անընդհատ նշում եք, որ բոլորը մեղավոր են, բայց ձեզ նայեք, կարող է ձեր նտրած մեթոդներն են սխալ, ինչո՞ւ հարցականի տակ չեք դնում ձեր ընտրած միջոցները: Բոլորը մեղավոր են, բացի ձեզնի՞ց»:
Նա նշեց, որ երբ ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտը ներդրվեց, Վենետիկի հանձնաժողովը հստակ ասաց՝ չպետք է հնարավորություն տրվի, որ առաջանա այնպիսի իրավիճակ, որ դատավորների մեծ մասը դուրս գան աշխատանքից, որովհետև հակասահմանադրական վիճակ կառաջանա:
«Ձեր այս նախագիծը միանգամից հակասահմանադրական վիճակ է ենթադրում, որ միանգամից 7 դատավոր դուրս գա: Այո, դուք Սահմանադրության փոփոխություն եք կատարում, բայց Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք անփոխարինելի են, բխում են մեր պետականության հիմքերից ու անձի բնական իրավունքներից: Չի կարելի անձի բնական իրավունքները ոտնահարել»,- հավելեց նա:
Նա ասաց, որ եթե ուզում էին այս խնդիրը լուծել, Սահմանադրության անցումային դրույթին չպետք է կպնեին, այլ 7-րդ գլխում պետք է մի դրույթ ավելացնեին, որը այս խնդրի լուծումը կտար:
«Դուք իրավաբանական տեխնիկայի առումով անգամ ամենավատ լուծումն եք ընտրել, որովհետև արդեն իսկ կիրառված անցումային դրույթը չի կարելի փոփոխել: Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն ընդամենը կարելի է կարդալ, այլ բան չեմ ասում»,- նշեց նա:
Անդրադառնալով նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը՝ նա ասաց. «Հարգելիներս, ձեր ցավը տանեմ, ախր կարելի է, չէ, Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասը կարդալ, հետո մի հատ էլ բացել ԱԺ կանոնակարգ օրենքը կարդալ՝ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո դուք չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը: Գրված է՝ առաջին ընթերցմամբ դուք պետք է հաստատեք, դրանից հետո գնա Սահմանադրական դատարան, ՍԴ դրական եզրակացությունից հետո երկրորդ ընթերցման ժամանակ բացասական քվեարկեք, դրա արդյունքում նոր կարող եք հանրաքվեի հարց բարձրացնել: Մի՞թե կարելի է այդքան մակերեսային նայել: Եթե մասնավոր ոլորտում լինեի, այսքան խորհրդատվության համար կհարստանայի, բայց ձեզանից ոչ մի լավ բան չեմ ստանում, միայն բացասական ժպիտներ»,- հավելեց Տարոն Սիմոնյանը: