ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ վարակի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով. քննարկվել է վարակի առաջացման ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնը:
Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են «Զեյթուն» հրուշակեղենի ֆիրմայի կիլոգրամով վաճառվող էկլեր:
Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում և Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ևս հոսպիտալացվել են նմանատիպ գանգատներով հիվանդներ: Վերջիններս նույնպես նշել են հիշյալ ֆիրմայի էկլերի օգտագործումը:
Դեպքերի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ:
Կատարված համալիր միջոցառումների արդյունքում հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու և Սյունիքի մարզերում հայտնաբերվել և հոսպիտալացվել է 49 հիվանդ, որից 41-ը Լոռու մարզում, 8-ը՝ Սյունիքի։
Ներկա պահին Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 33 տուժած, Սյունիքի մարզում՝ 8։ Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են անհրաժեշտ բուժում, կա դրական շարժընթաց:
Նշենք, որ հետազոտությունների շրջանակներում հիվանդներից կատարվել է նմուշառում և լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սալմոնելլա: