00:00:00

Պահանջում ենք գործող իշխանություններից՝ դադարեցնել այս արկածախնդրությունը. «Ազգային օրակարգ»

15:57, 06 փետրվար 2020 Քաղաքականություն

Գործող քաղաքական իշխանությունն անցած տարվանից սկսած նախաձեռնել է Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների բազմամակարդակ գործընթաց՝ նպատակ ունենալով իր կամքը պարտադրել սահմանադրականության ապահովման բացառիկ իրավասություն ունեցող այս պետական մարմնին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս նպատակով գործադրվել են քաղաքական հայտարարությունները, կարգապահական պատասխանատվություն կիրառելու մասին միջնորդություն, քրեական գործերի հարուցում, տարատեսակ քննչական գործողություններ, հայտնի «Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենք», սակայն դրանք չհասան իրենց նպատակին։ Այժմ, այս գործընթացը ստաել է իր ծայրահեղ դրսեւորումը՝ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը շրջանառության մեջ է դրել մի շարք սահմանադրական օրենքների փոփոխության, եւ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծեր, որով ուղղակիորեն փորձ է արվում տապալել երկրի սահմանադրական կարգը՝ զրկելով Սահմանադրական դատարանը իր մի շարք առանցքային լիազորությունից եւ կամայականորեն դադարեցնելով գործող դատավորների պաշտոնավարումը։ Սահմանադրական դատարանի՝ քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում շարունակականության ապահովման սկզբունքն ուղղակիորեն բխում է սահմանադրականության էությունից եւ պետք է պահպանվի որպես ժողովրդավարական կարեւոր ձեռք բերում: Իշխանությունների կողմից սա փոխելուն ուղղված ցանկացած գործողություն մարտահրավեր է իրավունքի գերակայությանը եւ իշխանություններ բաժանման եւ հավասարակշռման սկզբունքներին, եւ մեծագույն վտանգներ է ստեղծում մեր երկրի ապագա զարգացման համար: Այն Հայաստանի Հանրապետությունը դնում է ժողովրդավարական երկրների ընտանիքից ինքնամեկուսացնելու վտանգի տակ, ինչն էլ իր հերթին հղի է արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերներով եւ ներքաղաքական ապակայունացմամբ: «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանություններից՝ դադարեցնել այս արկածախնդրությունը եւ գործել երկրի հիմնական օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ քաղաքացիներին՝ միաբանվել եւ միահամուռ դիմադրել Սահմանադրական կարգի տապալման այս արկածախնդիր փորձին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր