00:00:00

«Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու». Մարուքյան

19:58, 05 փետրվար 2020

ԱԺ խորհրդի նիստում մենք դեմ ենք քվեարկել բոլոր նախագծերին, նաեւ արտահերթ նիստ հրավիրելուն, այդ նիստը հատուկ ռեժիմով անցկացնելուն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել են «Իմ քայլի» երկու նախագծերը. եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ «Իմ քայլի» 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են: «Բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է դրանց իրավականությանն ու սահմանադրականությանը, դրա մասին դեմ կխոսենք: Ամեն դեպքում հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց ՀՀ պարտավորությունները ստուգելու, առերեւույթ հակասահմանադրական նախագծեր են շրջանառված: Դրան բացատրություն տրվեց, որ սա քաղաքական որոշում է»,-ասաց Մարուքյանը: Դիտարկմանը, որ 37 համահեղինակ պատգամավորների շարքում չկան պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մի քանի իրավաբաններ, Մարուքյանն ասաց. «ճիշտ եք նկատել: Ես նկատեցի, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաշինքի իրավաբան մասնագետ պատգամավորները: Կամ նրանք նպատակային չեն ստորագրել, բայց վերջում պետք է քվեարկեն ի վերջո, կամ ինչ-որ միտում կա»: Նա նշեց, որ բացառում է, որ իրենք կողմ քվեարկեն այդ նախագծին: Մարուքյանը տեղեկացրեց, որ այս նախագծերը հատուկ ընթացակարգով են քննարկվում, առանց պետաիրավական հանձնաժողովում քննարկվելու միանգամից ԱԺ նիստում են քննարկվելու: «Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու»,-ասաց նա: Մարուքյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստում «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ ներկայացուցիչները դեմ են քվեարկել արտահերթ նիստ հրավիրելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր