Երևանում 99 համարի երթուղային տաքսու վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել են «Աստղիկ», ևս 3-ը «Արմենիա» բժշկական կենտրոններ: Նախնական տեղեկություններով՝ նրանք ունեն միջին ծանրության վնասվածքներ, կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Առողջապահության նախարարությունը փետրվարի 5-ին հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ: Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով՝ ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:
Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:
Ներկայումս բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Նիկողոսյանը:
Երևանի Իսակով պողոտայում փետրվարի 5-ին ժամը 08:50-ի սահմաններում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը բախվել է «Հոնդա»-ին, այնուհետև ծառին: «Գազել»-ի հինգ ուղևորի և վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ոստիկանությունից դեռևս չեն հաստատում ոչ սթափ լինելու տեղեկությունը՝ նշելով, որ կպարզի քննությունը: