00:00:00

«Ֆեյսբուքում» ակտիվ Ալեն Սիմոնյանը մարդկանց խորհուրդ է տալիս դուրս գալ «Ֆեյսբուքից»

14:04, 05 փետրվար 2020

Ազգային ժողովի խորհրդի այսօր՝ 16:00-ին կայանալիք նիստում որոշում կկայացվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենքի նախագիծը քննարկելու նպատակով արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախագծում որևէ փոփոխություն չի եղել, բացի թեթևակի շտկումից։ Հարցին՝ արդյոք նախագիծը պետք է քննարկվի Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունը հաշվետու է եւ մի ընտանիքի անդամ է կազմում ՀՀ ժողովրդին՝ այն մարդկանց, որոնք մեզ քվեարկել են, եթե ՀՀ իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որեւէ մեկ այլ մարմնի խորհրդակցական կարծիք հարցնել, մենք դա կանենք, մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու են ՀՀ ժողովրդի առաջ»։ Հարցին՝ արդյոք ժողովրդի կարծիքը հարցրել են, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, երբ քվեարկության է դրվել ԱԺ պատգամավորների ցանկը եւ ՀՀ իշխող կուսակցության ծրագիրը։ ՀՀ ժողովուրդը մեզ ձայն է տվել, որ մենք ՀՀ–ում առկա իրավիճակը լուծենք, եւ դատական իշխանությունում առկա ճգնաժամը, որը ֆիքսվում եւ փաստվում է բոլոր կողմերից, լուծվելու է, եւ նաեւ դրա համար մենք ստացել ենք մանդատ։ Շատ մոտ ապագայում ՀՀ–ում ստեղծված իրավիճակը դատական համակարգում լուծվելու է ամբողջովին, եւ ՀՀ ժողովուրդը նաեւ մեր մասնակցությամբ դրա անմիջական մասնակիցն է»։ Հարցին՝ արդյոք վաղն արտահերթ նիստ է լինելու, եւ այս նախագիծը քննարկվելու է նախնական տեսքով, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կարող է մի նախադասություն, մի քիչ փոփոխություն լինի, բայց բովանդակային իմաստով այդպես է լինելու, եւ չեմ բացառում այլ զարգացումներ իրավական առումով, որոնք տեղ կգտնեն, եւ որի նպատակը կլինի այդ իրավիճակը լուծել։ Որեւէ մեկի մոտ թող կասկած չլինի, սա վերջին բաստիոնն է նախկին իշխանության՝ դատական համակարգը, մենք ունեինք իրավիճակ, երբ ամբողջովին զավթված Հայաստանի Հանրապետությունը մենք հերթականությամբ ազատագրում ենք, եւ այդ պրոցեսը, կարծում եմ, այս տարի ավարտին կհասցնենք, եւ վերջնականապես կմոռանանք այն ամենը, ինչ եղել է անցած 30 տարիների ընթացքում»։ Լրագրողների հարցին՝ արդյոք երեկվա նիստի հետաձգումը կապ ուներ վարչապետ–նախագահ հանդիպման հետ, Սիմոնյանը պատասխանեց. «Զուտ տեխնիկական փոփոխությունների պատճառով է եղել հետաձգումը, որեւէ ինտրիգ դրա մեջ չկա ու չի կարող լինել»։ Սիմոնյանի խոքով՝ նախագահի հետ այս հարցում քաղաքական իշխանությունն ունի համաձայնություն. «Ես ներկա չեմ եղել հանդիպմանը, ձեզ եւ հեռուստադիտողներին խորհուրդ եմ տալիս մշտապես վստահել վարչապետի խոսքին, որովհետեւ ինքը երբեւէ առիթ չի տվել մտածելու, որ իր խոսքը որեւէ ձեւ իրականությանը չի համապատասխանում»։ Հարցին՝ չե՞ք նկատում, որ հասարակության շրջանում իշխող կուսակցության վարկանիշն այնքան էլ բարձր չէ, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ ընդունում, հասարակության շրջանակում միշտ կան, եղել են ու միշտ կլինեն մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն, միշտ կլինեն մարդիկ, որոնք «Իմ քայլին» չեն ընտրել, միշտ կլինեն մարդիկ, որոնք կընտրեն հակառակ կուսակցության։ Խորհուրդ եմ տալիս՝ դուրս եկեք Ֆեյսբուքից, դուրս եկեք այն մարդկանց շրջանակից, որոնք վճարվում են ՀՀ բարձրագույն իշխանությանը վիրավորելու, ինչ որ ձեւով վարկաբեկելու համար, դուրս եկեք եւ տեսեք՝ ՀՀ ժողովրդին ով է գազազացնում։ ՀՀ ժողովրդին ջղայնացնում է այն ամենը, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության նկատմամբ։ Ատելության մթնոլորտ կա նրանց մեջ, ում որեւէ մեկը չի սիրում, որը նույնիսկ իր տանը, իր շրջապատում ատելի է։ ՀՀ իշխանությունը՝ ես եւ իմ ընկերները, որեւէ մեկին չենք ատում։ Մենք ուժեղ ենք, մենք հաղթող ենք, մեր հետ մեր ժողովուրդն է, մենք սիրում ենք մեր ժողովրդին, մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ որեւէ մեկին ատելու նպատակ չունենք։ Դա սերմանում են իրենք մի պարզ պատճառով, որպեսզի մեզանից սարքեն այն հրեշը, որն իրենք կան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր