Անցած տարին աննախադեպ էր արտակարգ իրավիճակների թվով: Այս մասին հայտարարեց ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ գործնականում ԱԻ բոլոր տեսակներով աճ է գրանցվել: Նախարարը մանրակրկիտ անդրադարձավ հրդեհներին: Այսպես՝ 2019 թվականին գրանցվել է 10237 հրդեհ՝ 2018 թվականի 6500-ի դիմաց: «Խոշոր հրդեհներ են եղել, կարողացել ենք մարել, եւ ցանկանում եմ ընդգծել, որ հրշեջները պատվով են դուրս եկել բարդ իրավիճակից: Տեխնիկական խնդիրների պատճառով հաջողությունը հաճախ կախված էր հրշեջների պրոֆեսիոնալիզմից եւ անձնական հատկանիշներից»,- նշեց Ցոլակյանը՝ ցավով արձանագրելով, որ անցած տարում զոհվել է մեկ հրշեջ, մեկն էլ վիրավորվել է: «Վիրավորը ճանաչվել է տարվա լավագույն հրշեջ, իսկ ընկերոջ մահը դաս է դարձել՝ ոչ անհրաժեշտ ռիսկից խուսափելու համար: Չնայած փրկարարի աշխատանքը կապված է ամենօրյա ռիսկի հետ»,- հավելեց Ցոլակյանը:
Նախարարը նշեց, որ անցյալ տարի մեծ թվով անտառային հրդեհներ են եղել, եւ դառը փորձը բազմաթիվ խնդիրներ է ցույց տվել: Ցոլակյանը դրանց թվում նշեց անտառներում ճանապարհների բացակայությունը: «Հենց հիմա Տավուշում անտառում հրդեհ են մարում»,- հայտնեց նախարարը: Նրա խոսքով՝ անտառային հրդեհների պատճառը հաճախ մարդկային գործոնն է. մարդիկ այրում են խոտը, արդյունքում հրդեհ է բռնկվում: «Հայաստանում անտառները ընդամենը 10 տոկոս են, մենք չենք կարող ռիսկի դիմել: Այս տարի արդեն տնկիների բացակայության պատճառով հրդեհներ են եղել Լոռիում եւ Տավուշում»,- հայտարարեց նախարարը:
Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց կանխարգելիչ աշխատանքների անհրաժեշտությունը եւ առաջին հերթին՝ անտառներում ճանապարհների ստեղծումը: «Անտառների մեջ ճանապարհներն անհրաժեշտ են: Անտառները պետք է հատվածների բաժանվեն, որ հնարավոր լինի հրդեհը մարել: Հիմա հրշեջը ստիպված է մի քանի ժամ գնալ, որ հասնի հրդեհի վայրին»,- նշեց Ցոլակյանը: Մեկ այլ կարեւոր հարց են ուղղաթիռները, հարցը քննարկվում է ռուսական կողմի հետ:
Քաղաքում հրդեհների մարման համար հայտարարվել է ավելի քան 50 մետր բարձրությամբ սանդուղքների գնման մրցույթ: Ունեցած սանդուղքները 30 մետրից ավելի չեն, ինչը չի բավարարում բարձրահարկ շենքերի դեպքում, նշեց Ցոլակյանը: