00:00:00

«Օլիմպիական խաղեր» ասելիս պատկերացնում եմ Տոկիոյի ոսկին. Արթուր Ալեքսանյան

16:17, 03 փետրվար 2020

500 գրամ. այսքան է կշռում Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինն Օլիմպիական խաղերի տարերքի մասին ասում է, որ աշխարհի բոլոր առաջնությունները միասին վերցրած չարժեն Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Անկախ Հայաստանն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն և երկուսն էլ ըմբշամարտից: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը մեկընդմիշտ փոխեցին Արթուր Ալեքսանյանի մարզական կարիերան, երբ նվաճեց իր կարիերայի համար ամենակարևոր մեդալը` օլիմպիական ոսկին: Այդ 500 գրամ ոսկին Արթուր Ալեքսանյանի անունը գրեց մարդկության պատմության մեջ` «դատապարտելով» նրան լինել հավերժ հիշված: «Արմենպրես»-ի հետ զրույցում աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական և Եվրոպայի խաղերի չեմպիոն Ալեքսանյանը խոսեց իր ուժեղ կողմերի, առօրյայի և, իհարկե, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասին: -Արթուր, ինչպե՞ս է սովորաբար սկսվում ձեր օրը: -Եթե ուսումնամարզական հավաքի ենք լինում, ապա արթնանում եմ 8:30-ին, դուրս գալիս, շարվում, զբոսնում: Հետո նախաճաշ և արդեն սկսում ենք նախապատրաստվել առաջին մարզմանը: -Իսկ սննդի հարցում առանձնահատկություններ կամ արգելքներ կա՞ն: -Կան ուտելիքներ, որոնք չեմ սիրում և առհասարակ չեմ ուտում: Չեմ ուտում գառան միս, յուղոտ բաներ չեմ ուտում: Բայց մրցաշարերից հետո մի քանի օր սահմանափակումներ չեմ ունենում: Սակայն մի քանի օր միայն, հետո անցնում եմ ռեժիմով սնվելուն: -Ե՞րբ եք ձեզ հիշում առաջին անգամ գորգի վրա: -Շատ փոքր տարիքից եմ հիշում ինձ, երևի 8-9 տարեկան էի: Գնում էի մարզումների և լավ տպավորվել եմ, քանի որ ըմբշամարտի մարզահագուստ էի նվեր ստացել: Կարծում եմ, ես այն քիչ մարզիկներից եմ, որ մարզվել է միայն մեկ մարզաձևով, և ես հենց սկզբից ընտրել եմ ըմբշամարտը: -Արթուր, ձեր հայրը նաև ձեր անձնական մարզիչն է: Արդյոք այդ փաստը ձեզ օգնո՞ւմ է, թե խանգարում: -Ավելի շատ օգնում է: Երբեք էլ չի խանգարել: Իմ հաղթանակների հիմքը հայրս է, ամեն ինչ նրանից է գալիս: Եթե նա չլիներ մարզիչս, գուցե այս արդյունքները չլինեին: -Կա արդյո՞ք մեկն ըմբշամարտում, ով ձեր համար օրինակելի է: -Շատ ըմբիշներ կան, ովքեր օրինակ են ծառայել ինձ, օրինակ` օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը,  Մնացական Իսկանդարյանը, ինչպես նաև Ալեքսանդր Կարելինը: -Կա՞ մի գոտեմարտ ձեր անցած ճանապարհին, որը որպես դաս հիշում եք: -Յուրաքանչյուր մրցաշար իր հետքը թողնում է՝ կապ չունի թե, ինչ արդյունքի եմ հասնում: Ամեն մրցաշարից հետո վերլուծում ենք յուրաքանչյուր գոտեմարտ: Սակայն աշխատում եմ չկրկնել թույլ տված սխալները: -Հայաստանը ներկայացնող մարզիկների մեծ մասը Գյումրիից է: Ինչի՞ց է, որ գյումրեցիներն այդքան ուժեղ են: -Ճիշտ եք: Բոլոր հավաքականներում ամենաշատը գյումրեցիներն են: Եվ ամենաշատ մեդալ նվաճողներն էլ են գյումրեցիները: Գուցե մեր հող ու ջրից է կամ «թասիբ»-ից: -Արթուր, ո՞րն եք համարում ձեր ուժեղ կողմը: -Որպես մարդ, որպես մարզիկ կնշեմ աշխատասիրությունը և նվիրվածությունը գործին: Ինչպես նաև անկոտրուն կամքը: Ես ոչ մի բանից չեմ կոտրվում: Եթե նպատակ ունեմ, հասնում եմ դրան: -Մրցագորգ մտնելիս հաշվի եք առնում հակառակորդի թույլ կողմերը, թե՞ ձեր ուժեղ կողմերը: -Մրցագորգ մտնելիս հաշվի եմ առնում մրցակցի թույլ և ուժեղ կողմերը: Իմ հնարքները գործի եմ դնում մրցակցի թույլ կողմերը հիշելով: -Ինչո՞վ եք հետաքրքրվում ըմբշամարտից դուրս: -Ֆուտբոլ եմ շատ սիրում, շատ հետաքրքրվում եմ ֆուտբոլով և վատ չեմ խաղում: Եթե ոչ ըմբշամարտ, ապա ֆուտբոլ: -Սնահավատ եք արդյո՞ք դուք, և ունեք գոտեմարտին նախապատրաստվելու հատուկ արարողակարգ:   -Ոչ, իմ կարծիքով ես սնահավատ չեմ: Բայց գոտեմարտից առաջ եղել է ժամանակ, որ երաժշտություն եմ լսել, սակայն ամեն ինչ կախված է տրամադրությունից: Բայց լինում են դեպքեր, որ ինքս ինձ հետ մնալով առավել լավ եմ տրամադրվում: Սակայն հատուկ ոչինչ չեմ անում, միայն իմանալով հակառակորդիս ուսումնասիրում եմ նրան: -Մարդկային ո՞ր արժեքն եք ամենաշատը գնահատում: -Համեստությունը: -Որտե՞ղ եք տեսնում ձեզ 10 տարի անց: -Դժվարանում եմ պատասխանել… հիմա բացառապես կենտրոնացած եմ սպորտի վրա և այդ մասին կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո: -Արթուր, երբ լսում եք «Տոկիոյի Օլիմպիական խաղեր» արտահայտությունը, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին: -Միանգամից գալիս է Օլիմպիական խաղերի ոսկին, որը նվաճելու շատ մեծ ցանկություն ունեմ: -Մի քանի բլից հարց ևս. Թոմը, թե Ջերին: -Ջերին: -Սուրճ, թե թեյ: -Թեյ: -Պաղպաղակ,թե պիցցա: -Պաղպաղակ: -Մարադոնա, թե Պելե: -Պելե: -Սև, թե սպիտակ: -Սև: -Սիրելի ճաշատեսակ: Խորոված: -Սիրելի վայր Գյումրիում: -Մենք ասում ենք Կիրովի փողոց (հեղ. այժմ՝ Ռիժկովի ճեմափողոց): -Շնորհակալ եմ զրույցի համար: Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր