Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել են Արցախում մահացած զինծառայող, իրենց համագյուղացի Վահրամ Ավագյանի և նրանց ընտանիքի մասին։
Վահրամը 4 եղբայրներից փոքրն է եղել։ «Շատ դաստիարակված երեխաներ են։ Անապահով ընտանիք են, անասնապահությամբ են զբաղվում, օրվա հոգսը հոգում»,- նշեց նրանցից մեկը։
Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը
Գյուղի խանութի աշխատողն էլ ասաց, որ Վահրամի եղբայրներից մեկը նրա մահվան օրը եկել էր խանութ, որպեսզի զինվոր եղբոր հեռախոսը լիցքավորեր։
«Վահրամի հեռախոսն էր լիցքավորում, չգիտեր, որ եղբայրն արդեն չկա»,- նշեց նա:
Վահրամի մասին բոլորը միաբերան նույնն են ասում` այնքան խելոք, դաստիարակված երեխա էր, գյուղացիներից մեկին տոպրակով գնալիս տեսներ, վազում էր, ձեռքից վերցնում, օգնում: Շատերն են ափսոսում, որ մի 10 օր առաջ, երբ արձակուրդ էր եկել, չգնացին իրենց տուն, չտեսան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն այսօր նրա դագաղը ոտքով տեղափոխում են Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում են արդար քննություն։
Հիշեցնենք` Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: