Նա փաստորեն հասկացրել, որ մտադիր է սահմանել, բանաձևել նոր իշխանության գործունեության բարոյա-քաղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Գուցե Արմեն Սարգսյանի խոսքերը գեղեցիկ ձևակերպումներ հնչեին, եթե չլինեին շատ կարևոր, էական հանգամանքներ: Առաջինը` իշխանության նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունն է և այս համատեքստում համակարգի հետ չնույնացող նախագահը կարող է հանրային որոշակի սպասումներ ծնել և դրանք կապիտալիզացնել` վերածելով ազդեցության իշխանության ներսում:
Արմեն Սարգսյանին գոնե պաշտոնավարման առաջին շրջանում օբյեկտիվորեն անհրաժեշտ է հասարակության սուբյեկտության մեծացումը, ինչի մասին երեկ թափանցիկ ակնարկել է նախագահի թեկնածուն: Նա խոստովանում է, որ կառավարման նոր համակարգում որոշումների կայացման գործընթացում փոքր է նախագահի ազդեցությունը, բայց նաև հավելում է, որ հանրությունը սխալ է փնտրելու բոլոր այն որոշումներում, որոնք կայացվել են ի հեճուկս նախագահի ցանկության: Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտայնությությունից, թե Արմեն Սարգսյանը հասարակության հնարավոր աջակցությունն օգտագործելու է` երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնելու համար: Երեկվա հարցազրույցի մի քանի դրվագով նախագահի թեկնածուն բացահայտեց իր համակարգային հավատարմությունն` անգամ դիվանագիտական հաղթանակ որակելով Հայաստանի եվրասիական ընտրությունը: Այս համատեքստում ավելի շատ հակված ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանը, գոնե կարճաժամկետ հեռանկարում, խրախուսելու է նոր նախագահի պոպուլյարությունը` այդ գործոնը համակարգային նոր ֆիլտրվումներին, վերադասավորումներին ծառայեցնելու նպատակով: Արմեն Սարգսյանը երեկ հստակ հասկացրեց նաև, որ ամբողջովին հասկացել է Հայաստանի իշխանության հիմքաստեղծ փիլիսոփայությունը, իշխանությունում «բաժնեմաս» ունենալու գինը` նա լինելու է ԼՂ կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից: Չորրորդ նախագահի թեկնածուն անգամ չբացառեց այն տարբերակը, որ կարող է լինել Հայաստանի առաջին բանակցող` կախված որոշակի հանգամանքներից: Արցախյան «փաթեթը» ամենակարևոր գործոնն է, որ իշխանության որևէ գործչի տալիս է հայաստանյան համակարգի «պոլիտբյուրոյում» հայտնվելու ուղեգիր: Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին տվել է իրական իշխանությանը ինտեգրվելու բանալին: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հետապրիլյան իշխանությունն ունենալու է ազդեցության ևս մեկ կենտրոն` Արմեն Սարգսյանի դեմքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում