00:00:00

Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում. Փաշինյանի ելույթը՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստում

15:47, 31 հունվար 2020

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ,Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին` այսօրվա հանդիպման հաջող անցկացման, բոլոր պայմանները ստեղծելու, ինչպես նաև ավանդական հյուրընկալության համար: Ցանկանում եմ նաև ողջունել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին և Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուին, ովքեր առաջին անգամ են մասնակցում մեր խորհրդի նիստին: Հաջողություն եմ մաղթում Ձեզ և կցանկանայի հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք ակտիվ և արդյունավետ համագործակցության: Սիրելի ընկերներ, Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Այսօրվա նիստի օրակարգի հարցերի մասին կցանկանայի նշել հետևյալը. այսօր հերթական անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը: Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա: Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով: Նիստի հարգելի մասնակիցներ, Քանի որ փետրվարի 1-ին ավարտվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իմ ելույթի ավարտին ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև Հանձնաժողովին՝ կատարած աշխատանքի համար, և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ցանկանում եմ նաև բեղմնավոր աշխատանք մաղթել նոր Հանձնաժողովին Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետությանը, որը այս տարի նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում: Եվ վերջում ցանկանում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս տարի հյուրընկալել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով:
Շնորհակալություն ուշադրության համար»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր