Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 36 RN 949 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 0047. 119. IE մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ն էլ՝ մետաղե ջարդոնի: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: