Եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններն վերաբերյալ ուսումնասիրվում են եւ ոչ մի խնդիր չի հայտնաբերվում, մյուս կողմից, փաստացի, միջամտություն է լինում լիազորությունների իրականացմանը, ապա այդ վնասն ինչպե՞ս պետք է փարատվի կամ վերականգնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
Վարդեւանյանի խոսքով՝ անձնական տվյալների հարցում միջամտությունը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. «Առավել եւս դատավորների մասով դատական օրենսգիրք-սահմանադրական օրենքը, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը. դրանք ցանկացած տեսակի քննչական կամ դատավարական գործողության համար հստակ երաշխավորում են առավել զգոնություն, զսպվածություն եւ գաղտնիության ռեժիմներ»։
Արամ Վարդեւանյանն ասաց, որ տրամաբանությունն այն է, որ այն չդառնա հանրային քննարկման առարկա. «Խուզարկություն էր կատարվում ՍԴ-ի նախագահի բնակարանում, որն, իրականում, պետք է լիներ գաղտնիության շատ բարձր շեմի պահպանմամբ, մինչդեռ ԶԼՄ-ները տեղեկացված էին հենց նախաքննական մարմնից։ Երբ տեղի է ունենում քննչական գործողություն, հարցաքննության են կանչում, դարձյալ ԶԼՄ-ները դրա մասին տեղեկացված են լինում հենց նախաքննական մարմնից։ Կարծում եմ՝ նախ պետք է հաջորդեն դատավարական գործողություններ, օրինակ՝ հեռախոսազրույցների մուտքայիններն ու ելքայինները, դրանց համար պետք է լիներ դատարանի թույլտվություն՝ վերծանումը վերցնելու համար։ Այս պարագայում էլ նման հարցերը պետք է դատական վերահսկողության առարկա դառնային, ինչից հետո միայն գործողություններ կատարվեին, անկախ նրանից, թե դա ինչ հարցի է վերաբերում»։