00:00:00

Խորհրդարանը մերժեց զորակոչից խուսափած անձանց վերաբերյալ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը օրակարգ ներառել

12:23, 20 հունվար 2020

Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու նախագիծն օրակարգ ներառելու հարցը: Տեղեկացնենք, որ գործող իրավակարգավորմամբ` զորակոչից խուսափած անձինք այլևս չեն կարող վերադառնալ Հայաստան, վճարել պետական տուրքը և ազատվել քրեական պատասխանատվությունից: Օրենքի գործողության ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, հետևաբար հունվարի մեկից զորակոչից խուսափած ցանկացած քաղաքացի, երբ վերադառնա Հայաստան, ենթարկվելու է քրեական պատասխանատվության: Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով` օրենքի գործողության ժամկետի երկարաձգմամբ հնարավորություն են ընձեռում այն քաղաքացիներին, ովքեր զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, տուգանք վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից: «Երբ նախորդ տարի գարնանը ընդունում էինք այս նախագծում փոփոխություն կատարելու հարցը, հանձնաժողովում քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչները և մեծամասնության պատգամավորները խոստացան մինչ օրենքի ժամկետի լրանալը տալ հիմնարար լուծում, բայց մինչ տարվա ավարտ որևէ լուծում չկար: Կար քննարկվող տարբերակ, որը դրվեց շրջանառության մեջ, ապա հանվեց, մենք առաջարկում ենք օրենքի գործողության ժամկետը երկարաձգել, որ հնարավորություն տրվի 2020-ի ընթացքում մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,-ասաց Գորգիսյանը: Պատգամավորի խոսքով` քանի դեռ չկա օրենքի նոր նախագիծ, ապա ցանկացած հետախուզման մեջ գտնվող անձ (զորակոչից խուսափելու հոդվածով), հենց վերադառնա Հայաստան, ենթարկվելու է քրեական պատասխանատվության: «Քանի դեռ չկան նոր խաղի կանոններ, առաջարկում ենք նույն օրենքը գործի մինչև մշակվի նոր նախագիծ»,-ասաց նա: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Վերջինիս խոսքով` այս նախագիծը դարձել է բանակից խուսափելու օրենք: Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ փոփոխության ժամանակ համաձայնության էին եկել, որ վերջին անգամ է օրենքի գործողության ժամկետը երկարացվում: Կարապետյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին: Գևորգ Գորգիսյանը հակադարձեց` նախագիծը միտված չէ բանակից խուսափելը խրախուսելուն, միտված է ներգաղթին: Նախագիծը մերժվեց օրակարգ ընդգրկվել 38 կողմ,  79 դեմ ձայների հարաբերակցությամբ: Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց նաև, որ երեկ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան տարելիցն էր, որը մեծ ներդրում է ունեցել բանակաշինության գործում և շնորհակալություն հայտնեց այն պետական ու քաղաքական գործիչներին, որոնք հարգանքի տուրք են մատուցել վերջինիս հիշատակին: Տեղեկացնենք, որ վարչապետի և խորհրդարանի պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում չկա որևէ անդրադարձ Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 30-րդ տարելիցի առնչությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր