SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները շարունակում են բնակչության շրջանում կատարել բացատրական աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 17-ին, Մարտունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հերթական զենքն է ներկայացվել Մարտունու ոստիկանություն: Ծովինար գյուղի բնակիչ, 49-ամյա Գեղամ Գյուրջոյանը կամավոր հանձնել է 1 հատ 7,62 մմ տրամաչափի AKM տեսակի, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահեստատուփով:
Պահեստատուփում եղել է 57 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Գ. Գյուրջոյանը ոստիկաններին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է տան նկուղում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են արցախյան ազատամարտի մասնակից, 1994 թվականին մահացած եղբորը՝ Մամիկոն Գյուրջոյանին:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Մարտունու ոստիկանությունը վերջին ամիսներին կատարել է հսկայածավալ աշխատանքներ՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Գյուրջոյանը աշխատում է Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com