Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մինո Մխիթարյանի և բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ն մահացել է հոսանքահարվելու հետևանքով: Փաստի առթիվ քննիչ Ն. Գարեգինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Շիրակի մարզի պատասխանատուները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: