Վաղը Գյումրիում Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի գործադիր տնօրենի տեղի համար հայտարարված մրցույթն է: Տնօրենի պաշտոնի համար հավակնորդները երեքն են: Սակայն հիմնական մրցապայքարը կգնա Ավստրիական մանկական հիվանդանոցի երկարամյա գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանի եւ նույն հիվանդանոցի բժիշկ Ժորա Սերոբյանի միջեւ: Վերջինս, ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Շիրակի գործող մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմներից է:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տիգրան Պետրոսյանը հանդես էր գալիս Կարեն Պետրոսյան-Տիգրան Պետրոսյան-Ղարիբ Հարությունյան տանդեմով, և հիմա նշված հիվանդանոցում, ըստ շրջանառվող լուրերի, տնօրենի պաշտոնում ուզում են նշանակել Կարեն Պետրոսյանի քեռու որդուն՝ Ժորա Սերոբյանին, որը ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի որդին է։
Նրա հիմնական մրցակիցը Ավստրիական մոր ու մանկան կենտրոնի 15-ամյա գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանն է, ով ասում է, որ գնում է մրցույթի ««դուխով եւ բաց ճակատով»».
«Գնում եմ մրցույթի շատ հանգիստ խղճով, պարզ ճակատով, պատճառն իմ աշխատանքային կենսագրությունն է: Գիտեմ՝ ինչպես եմ աշխատել եւ բոլորը գիտեն, թե որքան հաջողված ծրագրեր ենք իրականացրել: Գյումրու ավստրիական մոր ու մանկան կենտրոնը իրապես դարձել է Հայաստանում ճանաչված Մոր ու մանկան կենտրոն: Այս ամենը եւ կոլեկտիվի հարգանքը ինձ դրական լիցքեր է տալիս եւ նոր բառով ասեմ, դուխ է տալիս, որ դուխով եւ բաց ճակատով գնամ մրցույթի»:
Հարցին, որ դեռ մրցույթին մեկ օր էլ կա, բայց արդեն խոսում են «հաղթող» թեկնածուի մասին, Աշոտ Կուրղինյանը պատասխանեց.
«Ես բաց եմ սիրում խոսել: Կան նման խոսակցություններ: Ամիս ամիս ու կես առաջ էլ մամուլով հրապարակում եղավ՝ ուղղակի անուններ տալով:
Անհանգստացնող գործոններ կան, իմ երկրորդ մրցակիցը գործող մարզպետի մտերիմն է, ընկերն է: Իհարկե, իրենք իրավունք ունեն ընկեր ունենալու, եթե մարզպետ է չի նշանակում, որ ընկեր ունենալ չի կարող, կամ եթե բժիշկ ես, չի նշանակում, որ մի օր քո ընկերը չի կարող մարզպետ լինել: Սա չէ խնդիրը: Բայց ինձ համար այս վերջին շրջանումշատ լարող ու ճնշող է այն հանգամանքը, որ աջուձախ լսել եմ այն, որ հեսա Կուրղինյանին կհանեն, արդեն որոշված է: Ուզում եմ ձեւակերպումը տալ այժմյան տերմինալոգիայով, կան նման «օդում կախված» լուրեր, բայց տա Աստված այդ «օդում կախված»-ը մնա օդից կախված, դա վաղը կերեւա, չգիտեմ:
Ամեն դեպքում ես ուսանողի պես պարապել եմ, ես ինքնահավան չեմ, թե հին տնօրեն եմ, լավ ադմինստիրատիվ փորձ ունեմ: Օրենքները, մրցույթի հարցաշարը ամեն ինչ աշխատաժամանակից դուրս պատրաստվել եմ:
Իսկ նման խոսակցություններ եղել են, այսօր էլ կան, հիվանդանոցում էլ կան, որ հաճելի չէ ինձ համար: Պատերի տակ են խոսում նույն աշխատակիցները, որի համար միգուցե մյուս մասնակիցը մեղավոր չէ, կամ ինքն է տարածում, ես չգիտեմ: Ամբողջ քաղաքը դա է խոսում, բարեկամներն են զանգում հարցնում: Հեշտ կոտրվող չեմ, լուրերից էլ ընկճվող չեմ, ես իմ գործն ունեմ, որին պինդ կպած եմ,որովհետեւ ունեմ ծրագրեր եւ դրանք ուզում եմ ավարտին հասցնել, ինձ չեն խեղճացնում նման խոսակցություններն առհասարակ»:
ՀՀ առղջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գյումրի վերջին այցի ժամանակ, պատասխանելով տեղի լրագրողներից մեկի հարցին, թե խոսակցություններ կան, որ Ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնին հավակնորդներից «մեկը» դաբրո ունի, նախարարն ասաց, որ ինքը գոհ է այժմյան գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանից:
«Հուսով եմ, որ մրցույթն անցկացնող մարմինը, որը այս դեպքում հանձնաժողովն է, որը նաեւ մարզպետի հրամանով է ձեւավորվում, այս ամենը ուզի, թե չուզի պետք է հաշվի առնի: Հուսո՛վ եմ: Վաղը ամեն ինչ կերեւա: Ամեն դեպքում նախարարի գնահատականից շոյված եմ, այն պարտավորեցնող է եւ ասեմ, որ Արսեն Թորոսյանին մինչեւ նախարար դառնալը ես չեմ ճանաչել»,-ասաց գործող տնօրեն, տնօրենի թեկնածուԱշոտ Կուրղինյանը: