«Ծննդատների փակման գաղափարը գործող կառավարության և ԱԺ սորոսական պատգամավորներին է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ ծննդատների փակումը զուգահեռ շատ խնդիրներ կարող է բերել, որոնք կհանգեցնեն լրացուցիչ արտագաղթի։ «Քանի որ Արսեն Թորոսյանին չեմ վստահում` դիմելու եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարի ազատել աշխատանքից նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Գայանե Ավագյանին:
Բոլոր փաստերը հավաքելուց հետո հանցագործության մասին հաղորդում եմ տալու։ Լուրեր են պտտվում, որ Գայանե Ավագյանը նաև կապ ունի մանկավաճառության դեպքերի հետ։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա ինչպես է այդ տիկինն առողջապահության ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնում»,- նշեց նա։
Նրա կարծիքով անցյալ տարի Աչաջրի ծննդատանը ծնունդ չի գրանցվել, քանի որ Առողջապահության նախարարությունը հիվանդանոցին հայտնել էր, որ ֆինանսավորում չի լինելու և այդ պատճառով երեք ամիս ծնունդ ընդունելու հնարավորություն չի եղել։
«Հիմա կանգնում ասում են, որ Աչաջուր համայնքի ծննդատունը 90 ծնունդ է ունեցել։ Բա պարոնա՛յք, այն երեք ամիսը խաբել եք մարդկանց, նրանք չեն աշխատել, ինչի՞ չեք հաշվարկում, ի՞նչ խաղեր եք խաղում, ի՞նչ թվեր եք նկարում, ձեր արած հանցագործությանը եկել հակառակ կողմից եք նայում»,-նշեց Մարինա Խաչատրյանը և հավելեց, որ խնդրի լուծումը գտնելու համար պայքարելու են մինչև վերջ։