Միջազգային կառույցներն են հայկական կողմին խորհուրդ տվել ժամանակավոր զերծ մնալ Իրանի օդային տարածքով չվերթներ իրականացնելուց: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ: Եվ այդ ռեկոմենդացիաները գալիս են միջագային կառույցներից, որ հիմա չարժե Իրանի օդային տարածքով թռնել և պետք է զգույշ լինել: Ժամանակը կոնկրետ հնարավոր չէ ասել, դա կապված է տեղի ունեցած վթարի քննության հետ: Դրա համար ենք մենք պարտավոր ասել, որ վտանգ կա, քանի դեռ մենք չունենք այդ քննության արդյունքները, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Ռևազյանը:
Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի ողբերգական վթարով պայմանավորված՝ ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ է տրվում դիտարկել Իրաքի և Իրանի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։