Արարատի մարզի Ոստան գյուղում վթարի հետևանքով տուժած 7 տարեկան աղջիկը երեկ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ վերակենդանացման բաժանմունք։ NEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն ասաց, որ երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, վիճակը գնահատվում է ծանր, բայց առկա է դրական դինամիկա․ «Այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 6-ին Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել վթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը։
Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը:
Ուղևորները՝ Մարինե (ծնված 1992 թ.), Իրինա (ծնված 1987 թ.), Հերիքնազ (ծնված 1991 թ.) Դ.-երը, Էլիզա Ա.-ն (ծնված 2013 թ.) և Անուշ Մ.-ն (ծնված 1954 թ.), տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Մարինե, Իրինա, Հերիքնազ Դ.-երը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Այնուհետև Անուշ Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Էլիզա Ա.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: