ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտանների բողոքի քննությունը՝ գրավ չկիրառելու Առաջին ատյանի որոշման դեմ։ Դատավարության կողմերի ինքնությունը պարզելուց հետո, դատարանը խնդրեց պաշտպանական կողմին ներկայացնել բողոքը։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, թե այս դատարանում չպետք է քննվի, թե առհասարակ Ռոբերտ Քոչարյանը պետք է գրավով ազատ արձակվի, թե չէ, առկա է խոչընդոտելու ռիսկ, թե ոչ, այլ պետք է քննվի՝ արդյոք Առաջին ատյանի որոշումը կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին՝ բավարար հիմքեր բերե՞լ է Առաջին ատյանը՝ գրավը մերժելու համար։ Ալումյանը նաև կողմերին հորդորեց չշեղվել բուն բողոքից և դատարանին ասաց, որ «թույլ չտա դատական նիստը վերածել հանրահավաքի»։
Դատարանի հստակեցնող հարցին՝ գրավի չափը յուրաքանչյուրի համար անձնական է, այս դեպքում ինչքա՞ն կարող են նշել գրավի չափ, Հայկ Ալումյանն ասաց՝ իրենք չափ չեն ուզում առաջարկել և դա դա թողնում են դատարանի հայեցողությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց Ալումյանի միջնորդությանը՝ասելով, որ Առաջին ատյանի դատարանի՝ սեպտեմբերի 20-ին կայացված որոշման մեջ նշված է, որ գրավը կամ կալանքից զատ որևէ այլ խափանման միջոց, չի կարող չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Բաղդասարյանն ասաց, որ իսկապես ժամանակ անցել է, ինչպես նշեց Ալումյանը, բայց դա քննությանը ոչինչ չի տվել, որպեսզի դրա հիմքով խափանման միջոցը փոխվի։