00:00:00

«Ահա եւ տարբերությունը Սերժի եւ Նիկոլի միջեւ». Էդուարդ Շարմազանով

13:05, 17 դեկտեմբեր 2019

Եթե ՀՀԿ-ի օրոք Ալիեւին ճնշում էին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա այսօր՝ «Իմ քայլի» օրոք, կարծես թե դեմ չեն փուլային տարբերակին ու ինչ որ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Անվտանգության մարտահրավերների դիմակայումն ու Արցախյան կարգավորումը եղել եւ շարունակում են մնալ մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրները: Ավաղ, Փաշինյանի իշխանազավթումից հետո Հայաստանը ոչ միայն չի ամրացրել իր դիրքերը բանակցություններում, այլ ընդհակառակը՝ վեր է ածվել իզգոյի: Տեսեք՝ * Արցախն այդպես էլ բանակցություններին լիարժեքորեն չի մասնակցում: Փաշինյանի այդ թեզը նախապայման դիտարկվեց համանախագահների կողմից եւ համանախագահների խիստ հայտարարությունից հետո պաշտոնական Երեւանը, կարծես թե, մոռացավ իր այդ թեզի մասին: * Չգիտես ինչու, ՀՀ վարչապետը պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը Ադրբեջանից գցեց Ռուսաստանի վրա՝ նշելով, թե Ռուսաստանը ունի բոլոր մեխանիզմները՝ թույլ չտալու պատերազմի վերսկսում: * Ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիեւը Փաշինյանի վրա թողեց կիրթ եւ նորմալ մարդու տպավորություն: * Հայաստանը հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգերից: * ՀՀ վարչապետը Արցախում սկսեց «դավադիր ուժեր» փնտրել, որոնք պատերազմի միջոցով փորձում են հող հանձնել Ադրբեջանին եւ հետո մեղքը գցել իր վրա: * Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ, որով թուլացրեց Արցախի բանակցային դիրքերը եւ, փաստացի, Հայաստանը դարձրեց հակամարտության կողմ: * Փաշինյանի այդ հայտարարությունը քննադատվեց նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից: * Դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հերթական անհեթեթ թեզը, թե հակամարտության լուծումը պետք է բավարարի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե Ադրբեջանի ժողովուրդներին եւ որ ինքը պատրաստ է երկխոսելու ոչ միայն Ալիեւի, այլ նաեւ Ադրբեջանի ժողովրդի հետ: * Այս թեզը օդում կրակած փամփուշտ էր, որը չարժանացավ ոչ համանախագահների եւ ոչ էլ Ալիեւի արձագանքին: * Ավելին, իշխանության ներկայացուցիչը ուղիղ նշեց, որ Փաշինյանը դեմ չէ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին: Սրանք փաստեր են, որոնք գալիս են ապացուցելու Փաշինյանի ապաշնորհ գործողությունները Արցախյան կարգավորման հարցում: Հ.Գ. Ժողովուրդ, «Սերժի վախտ» Ադրբեջանի նախագահ Ալիեւը բողոքում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի օրոք Իմ քայլի պատգամավորը նշում է, թե Փաշինյանը դեմ չէ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին: Ահա եւ տարբերությունը Սերժի եւ Նիկոլի միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր