«Կյանքից հեռացավ Վահրամ Թաթիկյանը... հայ ամենատաղանդավոր երգահաններից մեկը։ Տեր ողորմյա և հիշյա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Արծրունին:
Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում։ Նա արձակագիրներ Շահեն Թաթիկյանի և Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատում էր Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ էր, ինչպես նաև ավելի քան քսան գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել էր նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ:
1977 թվականից Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ էր։
Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել էր Արցախյան շարժմանը։ 1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։